ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է անհանդուրժողական մոտեցումը համակարգում կարգապահական կոպիտ խախտումների, առանձին դեպքերում գործառութային պարտականությունների կատարման հարցում դրսեւորվող անբարեխիղճ վարքագծի նկատմամբ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից, ՔԿ–ի կարգապահական հանձնաժողովը քննարկել է ՀՀ ՔԿ ստորաբաժանումներից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի (քննիչի) նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունը:

Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ վերջինս մի քանի քրեական վարույթներով տեւական ժամանակ, առանց իրավաչափ նպատակի, չի կատարել անհրաժեշտ քննչական եւ վարութային գործողություններ, ինչպես նաեւ թույլ է տվել քրեադատավարական նորմերի այլ խախտումներ։ 

Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունը, ինչի հիման վրա, ՀՀ ՔԿ նախագահի հրամանով, քննիչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։