Դուք տեսեք ոստիկանական ուժերը «Եռաբլուրում», եթե սենց ես գալու գնաս, քո երկրում գողի նման պետք է ման գաս, է ման արի: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

Հարցին՝ թույլ չեք տալո՞ւ, որ Նիկոլ Փաշինյանը մոտենա ձեր որդիների շիրիմներին, նա պատասխանեց. «Եթե 10 հոգի գան, թեւերս ոլորեն տանեն, էլի գալու են մոտենան: Մեզ համար թույլ տալ կամ չտալն ինքնապատակ չի: Մենք ասում ենք՝ ով դավաճանել է երկիրը, հանձնել է հողերը, չպետք է մտնի «Եռաբլուր»: Մենք մեր խոսքին տեր ենք, դրա համար էլ այստեղ ենք: Եթե հազար հոգով չկարողանան, եւս հազարը կբերեն ու մեզ էստեղից կտանեն: Էսօր արդեն կին ոստիկաններ էլ են բերել, որ երեւի մեր կանանց տանեն:

Գիտեք ոստիկանները չեն հայհոյո՞ւմ, որ գիշերով իրենց հանել բերել են այստեղ: Նրանք էլ են զզված: Իրենց էլ չեմ հասկանում, եթե էսպես եք աշխատելու, թողեք, գնացեք, գոնե ձջեր երեխեքի աչքերին կարող եք նայել»:
Նա հավելեց, որ իրենք պետության դեմ դուրս չենք եկել եւ դուրս չենք գա. «Այս պետությունը պահել են մեր որդիները իրենց կյանքի գնով: Բայց իրենք ուզում են ցույց տալ, որ իրենք են երկրի տերը: Մեր նպատակն է, որ իրենց վռնդելուց հետո կարողանանք մաքրել այն կեղտը, որ իրենից հետո թողել է «Եռաբլուրում»: Քանի իրեն իշխանության են այդ կեղտը չի մաքրվելու:

Մենք չենք կարող չթողնել, որ գան, քանի որ մինչեւ հասանք էստեղ, իրենք արդեն շրջափակել էին եւ էլի շարունակում են բոլոր մուտքերը փակել: Մենք կանգնած ենք մեր տղաների շիրիմների մոտ: Մենք կսահմանափակվենք էստեղ կանգնելով: Մեկ է՝ 5 հազար էլ լինենք, գալու են անցնեն: Կարծես էն չարաճճի երեխեք են լինում, որ ուզում են անպայման էսինչ բանը անել: Դու երկրի ղեկավար ես, արա այնպես, որ նոր զոհեր չունենանք, սահմանները պահես: Եթե քո խնդիրը «Եռաբլուր» գրավելն է, մեր տղաները Արցախն են պահել,»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ հունվարի 28-ի առավոտյան,  առավոտյան 6-ից ոստիկանությունն աննախադեպ թվով ուժեր է  կենտրոնացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ: «Եռաբլուրից» NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ամբողջ տարածքը խիստ հսկողության տակ է: Այստեղ են նաեւ մեծ թվով սեւ եւ կարմիր բերետավորներ:

Քիչ անց պանթեոնում կմեկնարկի բանակի օրվան նվիրված միջոցառումը, որը լրագրողների համար փակ է: Տարածքում թույլ չեն տալիս լրատվամիջոցներին աշխատել:

Նշենք, որ այստեղ են նաեւ զոհված զինծառայողների ծնողները, որոնք կանգնած են իրենց որդիների շիրիմների մոտ: Նրանք փորձելու են թույլ չտալ, որ պաշտոնյաները մոտենան իրենց որդիների շիրիմներին: