ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարների ու իշխող խմբակցության պատգամավորների ուղեկցությամբ քիչ առաջ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Զոհված զինծռայողների ծնողները Նիկոլ Փաշինյանին «դիմավորեցին» նրան «թուրք», «հայասպան», «դավաճան» անվանելով: Նրանք նաեւ տարբեր վիրավորական խոսքեր հնչեցրին:

NEWS.am-ի թղթակիցը «Եռաբլուրից» հաղորդում է, որ բանակի օրվան նվիրված միջոցառումը, ինչպես 44-օրյա պատերազմից հետո «Եռաբլուրում» բոլոր միջոցառումները Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, փակ է լրատվամիջոցների համար:

Տարածքը հսկում են մեծ թվով ոստիկանության զորքեր, կարմիր բերետավորներ: Անգամ պանթեոնի ներքեւի հատվածում ավտոբուսներով մեծ թվով ոստիկաններ են տեղակայված:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ հունվարի 28-ի առավոտյան,  առավոտյան 6-ից ոստիկանությունն աննախադեպ թվով ուժեր է  կենտրոնացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ: «Եռաբլուրից» NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ամբողջ տարածքը խիստ հսկողության տակ է: Այստեղ են նաեւ մեծ թվով սեւ եւ կարմիր բերետավորներ:

Նշենք, որ այստեղ են նաեւ զոհված զինծառայողների ծնողները, որոնք կանգնած են իրենց որդիների շիրիմների մոտ: Նրանք փորձելու են թույլ չտալ, որ պաշտոնյաները մոտենան իրենց որդիների շիրիմներին: