Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանն այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում հրաժարվեց ասել՝ արդյոք ինքն է հրաման տվել, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրից» բերման ենթարկեն 44օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ո՞վ է տվել հրամանը, ոստիկաններից ոմանք ասել են, որ դուք եք տվել, նա արձագանքեց. «Շնորհակալ եմ, շտապում եմ, ոչ մի հարցի չեմ պատասխանում»:

Հիշեցմանը, որ ինքը զոհվածների ծնողների հետ առերեսումների  ժամանակ ներողություն է խնդրել ոստիկանության անունից՝ եւ համարել, որ ոստիկանները գործել են ոչ իրավաչափ, Խուդինյանն ասաց. «Ինչ-որ ասել եմ՝ ասել եմ»:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 26-ին, բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Այսօր նախատեսված են առերեսումներ իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների հետ:

Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: