Ձայնս բարձրացել եմ առ Աստված, ասել եմ՝ տար էս կեղտաջրերին, խեղդվում ենք, էլ տեղ չկա: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Լեւոն Գալստյանի մայրը՝ Արմինե Գալստյանը:

«Ձայնս բարձրացել եմ առ Աստված, ասել եմ՝ տար էս կեղտաջրերին, խեղդվում ենք, էլ տեղ չկա»,-ասաց նա:

Զոհվածի մայրը կոչ արեց ոչ թե սահմանափակվել միայն «Եռաբլուր» այցելելով, այլ միջոցառում կազմակերպել եւ թուրքին ցույց տալ, որ մենք բանակ ունենք. «Ոստիկանները բոլոր քաղաքացիական հագուստով էին: Ես էլ ասում էի՝ եթե դու իրավունք ունես քաղաքացիական հագուստով կանգնես, ես էլ ունեմ, եկել եմ ուղղակի կանգնեմ: Իհարկե, ուղղակի չէր, ուզում էի աչքերը հանեի, բայց տարբերակ չկա: Պատ է կապել ու ցույց է տալիս ժողովրդավար Հայաստան: Մենք ժողովրդավար չենք»,-ասաց զոհվածի մայրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ հունվարի 28-ի առավոտյան,  առավոտյան 6-ից ոստիկանությունն աննախադեպ թվով ուժեր էր  կենտրոնացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ: Ամբողջ տարածքը խիստ հսկողության տակ էր: Այստեղ էին նաեւ մեծ թվով սեւ եւ կարմիր բերետավորներ:

Քիչ անց պանթեոնում կմեկնարկի բանակի օրվան նվիրված միջոցառումը, որը լրագրողների համար փակ է: Տարածքում թույլ չեն տալիս լրատվամիջոցներին աշխատել:

Նշենք, որ այստեղ են նաեւ զոհված զինծառայողների ծնողները, որոնք կանգնած են իրենց որդիների շիրիմների մոտ: Նրանք եկել էին, որ թույլ չտան, որ պաշտոնյաները մոտենան իրենց որդիների շիրիմներին: