Առնվազն երեք մարդ է զոհվել նորզելանդական Օքլենդ քաղաքում տեղատարափ անձրեւների եւ հեղեղումների հետեւանքով, հաղորդում է Radio New Zealand ռադիոկայանը:

Ռադիոկայանի տվյալներով՝ Օքլենդում ջրհեղեղի հետեւանքով զոհերի մարմինները ոստիկանությունը հայտնաբերել է շաբաթ կեսօրին, եւս մեկ մարդ անհետ կորած է համարվում:  

Ջրհեղեղների պատճառով, որոնք սկսվել են երկրի խոշորագույն քաղաքում ուրբաթ օրը, իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել մեգապոլիսում եւ շրջակա շրջաններում:  

Պետական օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ անցած մեկ օրվա ընթացքում տարածաշրջանում առնվազն 380 մմ տեղումներ են տեղացել։ Ջրհեղեղների եւ սողանքների պատճառով խաթարվել է հասարակական տրանսպորտի երթեւեկությունը, իսկ մայրուղիների մի մասը արգելափակվել է։ Քաղաքի մի քանի արեւմտյան շրջաններ էլեկտրահաղորդման գծերի խզման պատճառով մնում են առանց կապի եւ էլեկտրաէներգիայի։ Վթարային ծառայությունները եւ փրկարարները հայտնում են օգնության խնդրանքով ավելի քան 2 հազար զանգերի մասին։