Առկա է տասնամյակների ցավալի պատմություն Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում. թե հայկական և թե ադրբեջանական կողմերն ունեն հասկանալի մտահոգություններ, և մենք արձանագրում ենք այս երկու երկրների միջև վստահության բացակայություն: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը։

Նա նկատել է, որ հայ-ադրբեջանականն բանակցային գործընթացը, որը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի օրակարգային հարցերից է, ընդգրկում է բազմաթիվ բարդ խնդիրների շուրջ քննարկումներ, ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, երկրների միջև տրանսպորտային կապի վերաբացումը: ԱՄՆ-ն աջակցում է կողմերի միջև ուղիղ երկխոսությանը և ընդգծում դրա անհրաժեշտությունը, քանի որ միայն այս միջոցով, ըստ պետքարտուղարի տեղակալի, հնարավոր է հասնել վերոհիշյալ բարդ խնդիրների կարգավորմանը:

«Մենք գտնում ենք, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը խորապես հանձնառու է այս գործընթացին։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել՝ գիտակցելով, որ այն ծանր որոշումները, որոնք պետք է կայացվեն խաղաղությանը հասնելու համար, պետք է կայացվեն Երևանում և Բաքվում»,- նշում է նա:

Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրները չեն կարող ունենալ ռազմական լուծում, իսկ միակ ճանապարհը խաղաղ գործընթացի միջոցով դիվանագիտական կարգավորումն է: Մենք չէինք ցանկանա տեսնել իրավիճակի որևէ սրում, շեշտում է Դոնֆրիդը:

«Երկու երկրների միջև ստեղծված իրավիճակի ռազմական լուծում չենք տեսնում և կշարունակենք դիվանագիտորեն ներգրավված մնալ, ինչպես անում էինք՝ նախ վստահ լինելու համար, որ չկա էսկալացիա, և երկրորդը՝ օգնելու խրախուսել դրական առաջընթացը»,- ասում է նա:

Պետքարտուղարի տեղակալը երախտագիտություն է հայտնում ԵՄ-ին՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը մշտադիտարկելու նպատակով Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու համար: Դա մի նախաձեռնություն է, որին մենք լիովին աջակցում ենք, նշել է նա: