Իմ խոնարհումը բոլոր հերոսածին մայրերին, որոնց զավակները նահատակվեցին թե արցախյան առաջին, թե քառօրյա, թե 44-օրյա պատերազմում, թե սդեպտեմբերյան վերջին դեպքերի հետ կապված: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Ուզում եմ առանձնակի նաեւ ցավակցել Վարդենիսի դեպքի հետ կապված զոհվածների հարազատներին: Փառք էդ տղերքին»,-ասաց նա:

Հարցին, թե Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհը, որը 15 զինվորի կյանք խլեց, ի՞նչ ցույց տվեց, ԵԿՄ նախագահը պատասխանեց. «Դա կորպուսի հրամկազմի թերացումներ են եղել, նրանք հեռացվել են պաշտոններից: Մենք պետք է հետուողական լինենք: Դե գիտեք՝ Վարդենիսի զորամասին խփեցին, զորամաս չկա, զինվորները առանձին տեղեր են մնում, բայց դա չի նշանակում, որ զորամասին չպետք է հետեւեն, ուշադիր չլինեն, թե իրենց զինվորներն ինչ վիճակում են: Այո, ճիշտ եմ համարում այդ ազատումները, որովհետեւ նախկին հրամկազմի թերացումներն էին, եթե իրենք նորմալ ծառայեին, նման բան չէր լինի»:

Ինչ վերաբերում է նրան, որ զինվորները նման կացարանում էր մնում, որտեղ  հկահրդեհային որեւէ պայման չէր պահպանվում, ԵԿՄ նախագահն ասաց. «Ազգային ողբերգություն է տեղի ունեցել եւ բնականաբար, թերացումներ են եղել: Դա չի նշանակում, որ եթե երկրորդ կորպուսը զորամաս չունի, պետք է երեխեքին պետք է բարձիթողի վիճակում թողնեն դիրքեր»:

Դիտարկմանը, որ արդյոք այդ բարձիթողի վիճակի համար պատասխանատու չեն նաեւ նախարարն ու ԳՇ պետը, նա արձագանքեց. «Եթե դու հրամանատարն ես անմիջական, ջոկի հրամանատարն ես, առաջին պատասխանատվությունը դու ես կրում: Հիմա քննություն է գնում, ես չեմ ուզում ի սկզբանե հայտարարություններ անել, կգա ժամանակ նաեւ իմ խոսքը կասեմ»:

Նա համաձայնեց, որ այն տեղերում, որտեղ զինվորներ են մնում, պետք է կահավորվեր. «Բայց ընդհանուր զորամաս չունենք, բարձիթողի վիճակ է այնտեղ: Այդ բարձիթողի վիճակի պատասխանատու ենք ես, դու, բոլորս»:

Հարցին, թե արդյոք այցելել է հրդեհված կացարան, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ես այնտեղ մեծ թվաքանակով զորք ունեմ: Երեք ուղղությամբ զորք ունենք կանգնած: Այսօր այնտեղ պսակադրում կլինի ԵԿՄ-ի կողմից»:

Նրա խոսքով, ադրբեջանցիները՝ ունենալով  հզոր ռազմատեխնիկա, հնարավորության սահմաններում փորձում են հարձակվել ՀՀ պետական սահմանների վրա. «Թող ոչ մեկ չկասկածի, որ կարող է նորից պատերազմ սկսվել: Ես եւ ԵԿՄ-ն այսօր հնարավորինս կանգնած ենք հայ զինվորի կողքին, որ մեր բանակն ավելի մարտունակ դառնա եւ հետագայում տանեն դեպի պրոֆեիսոնալիզմ: Թերացումների համար բոլորը պետք է պատասխան տան: Թող քննություն գնա, եթե Սասուն Միքայելյանն է մեղավոր, ինքն էլ պատասխան կտա»,-ասսաց Միքայելյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածի համար անմիջական հրամանատարն է մեղավոր:

«Դա գալիս է՝ կորպուսից մինչեւ ջոկի հրամանատար, իրենք պետք է միշտ հետեւողական լինեն: Այսօր ամեն ինչ էլ արվում է, այդքան հնարավորություն չկա սահմանի ամբողջ գծի երկարությամբ միանգամից կահավորել»,-ասաց նա: