Երուսաղեմում սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո 42 մարդ է ձերբակալվել, հաղորդում է Times of Israel թերթը։

Նշվում է, որ ձերբակալվածներից շատերը 21-ամյա Ալքամ Հայրիի ազգականներն են, որին կասկածում են ահաբեկչություն իրականացնելու մեջ: Հարցաքննությանը ներգրավվել է նաեւ նրա հայրը։ Թերթի տվյալներով՝ Հայրին նախկինում ահաբեկչության հետ կապված հանցագործություն չի իրականացրել։

Հունվարի 27-ի երեկոյան Արեւելյան Երուսաղեմում սինագոգի մոտ անհայտ անձը ավտոմեքենայով մոտեցել է եւ ատրճանակով կրակ բացել, որից հետո հեռացել է դեպքի վայրից: Իսրայելական ոստիկանության տվյալներով՝ նա ընթացել է Բեյթ Հանին շրջանի ուղղությամբ։  Ոստիկանությունը սինագոգից 1 կմ հեռավորության վրա ոչնչացրել է ահաբեկչին։ Ահաբեկչության հետեւանքով զոհվել է 7 մարդ, շատերը վիրավոր են։