Թուրքական ընկերությունը ՆԱՏՕ-ի շտաբերի միջեւ հետախուզական տվյալների փոխանցման համար ծրագրային ապահովում է մշակում, հաղորդում է Anadolu-ն։

«Թուրքական Savunma Teknolojileri Mühendislik ve Ticaret AŞ (STM) պաշտպանական ընկերությունը կզբաղվի ՆԱՏՕ-ի բոլոր շտաբերի եւ բազաների միջեւ հետախուզական տվյալների փոխանցման ծրագրային ապահովման մշակմամբ»,-հաղորդում է գործակալությունը: 

Նշվում է, որ ծրագրային ապահովումից կօգտվեն դաշինքի բոլոր շտաբերն ու բազաները։

Ակնկալվում է, որ նախագծի իրականացման համար կպահանջվի մոտ 3,5 տարի։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտնել է, որ թուրքական պաշտպանական-արդյունաբերական համալիրը վերջին տարիներին զգալի հաջողությունների է հասել՝ կտրուկ նվազեցնելով երկրի կախվածությունը պաշտպանական արտադրանքի ներմուծումից եւ հաստատվելով որպես խոշոր արտահանող, այդ թվում՝ ծրագրային ապահովման ոլորտում:

Նրա խոսքով՝ հզոր տեղեկատվական բազայի շնորհիվ թուրք մշակողները հաջողության են հասել միջազգային ասպարեզում։