Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եգիպտոսի իր պաշտոնակից Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ բանակցություններից հետո ասել է, որ, իր կարծիքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը պետք է ընդլայնել՝ ավելացնելով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին եւ չմիացած երկրներին։ Այս մասին ասվում է Ալիեւի մամուլի ծառայության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Կարծում եմ, որ Անվտանգության խորհրդի կազմը պետք է ընդլայնվի։ Մեկ մշտական տեղ անպայման պետք է հատկացվի Իսլամական համագործակցության կազմակերպության անդամին, եւ ԻՀԿ-ն ինքը պետք է խորհրդատվությունների հիման վրա առաջադրի այդ թեկնածությունը։ Եվս մեկ մշտական տեղ պետք է հատկացվի Չմիավորման շարժմանը, եւ այդ տեղը պետք է զբաղեցնի շարժումը նախագահող երկիրը»,- Ադրբեջանի նախագահի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը։

Նրա խոսքով՝ նման բարեփոխումները կնպաստեն «ավելի արդար ու անվտանգ աշխարհի» ստեղծմանը։