2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Էդուարդ Մարաբյանը ֆուտբոլիստ էր։ Սովորել էր Ավանի ֆուտբոլային ակադեմիայում, խաղացել «Փյունիկի» պատանեկան թիմում։

«Մեծ նպատակներ ուներ տղաս, շատ էր համակրում Մեսսիին, կրկնում էր իր հնարքները։ Տղաս պաշտպանի դիրքում էր խաղում, մարտի դաշտում էլ դարձավ պաշտպան․․․»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդի մայրը՝ Անուշ Մնացականյանը։

Էդուարդը բանակ էր զորակոչվել է 2019 թվականի ամռանը։ Ծառայում էր Ֆիզուլիում։

«Ասում էր՝ մամ, տղադ շատ պատվոգրեր է ստանում, կարող ես ճակատդ բարձր ման գալ, բայց ես չէի ուզում, որ այս կերպ հերոս դառնար իմ տղան, իմ ցավոտ հպարտությունն է․․․Ասում էր՝ մամ, այնքան բան կա պատմելու, կգամ, կպատմեմ, հիմա ժամանակ չկա»,- նշեց Էդուարդի մայրը։

Պատերազմի ընթացքում Էդուարդը եղել էր Հադրութում, ապա վերջին օրերին տեղափոխվել էր Մարտունի՝ Ճարտար։

«Ես միշտ սովորեցրել եմ լինել անկեղծ եւ նվիրված․․․այդպես էլ իր ընկերներից շատերին է փրկել պատերազմի ընթացքում։ Հոկտեմբերի 31-ին տղաներն այդտեղից նահանջ են արել, իմ տղան այդպես մնացել է դիրքում, ասել է՝ որտեղ ես կամ, նահանջ չկա։ Եվ այդպես զոհվել է դիպուկահարի կրակոցից։ Տղաս այնքան բարձրահասակ ու ուժեղ էր, իրեն չեն կարողացել հանել, հրամանատարությանն էլ ասել են՝ իրենք տեղից չեն շարժվել»,- պատմեց տիկին Անուշը։

Ընտանիքը Հայկին գտել է 57 օր անց։ Այդ շաբաթների ընթացքում Հայկին փնտրել են ամենուր։ Անգամ սեփական միջոցներով երկու անգամ գնացել Արցախ եւ իմացել՝ որդին զոհվել է եւ մնացել դիրքում։

Նա հուղարկավորվել է դեկտեմբերի 30-ին։

«Այս տղաները հայրենիքը ոչ թե զենքով, այլ մարմնով են պահել։ Այս տոնն իրենց է, իրենք հաղթած են»,- ասաց Էդուարդի մայրը։