Երևանում ու մարզերում երկրաշարժ է զգացվել: Այս մասին NEWS.am հայտնեցին ՀՀ ՆԳ փրկարար ծառայությունից:

Նախնական տվյալներով`երկրաշարժը տեղի է ունեցել Իրանում, էպիկենտրոնում 8 բալ է գրանցվել:

Տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում և Երևան քաղաքում՝ 3-4 բալ, Արմավիրի և  Կոտայքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: