Թուրքիայի իշխանությունները իրենց քաղաքացիներին զգուշացրել են «հնարավոր իսլամաֆոբ, այլատյաց եւ ռասիստական ​​հարձակումների» մասին ԱՄՆ-ում եւ Եվրոպայում այն ​​բանից հետո, երբ արեւմտյան դաշնակիցներն իրենց քաղաքացիներին զգուշացրել են Թուրքիայում հնարավոր ահաբեկչությունների մասին, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Երկու առանձին ճամփորդական խորհուրդներում Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել «հանդարդորեն գործել հնարավոր այլատյաց եւ ռասիստական ​​ոտնձգությունների եւ հարձակումների դեպքում» եւ «հեռու մնալ այն տարածքներից, որտեղ ցույցերը կարող են ակտիվանալ»:

Նախարարությունը նշել է, որ «հակաիսլամական եւ ռասիստական ​​գործունեության» վերջին աճը արտացոլում է Եվրոպայում «կրոնական անհանդուրժողականության եւ ատելության վտանգավոր ասպեկտները»:

Անկարայում մի քանի դեսպանատներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանատները, անվտանգության նախազգուշացումներ են արել Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին:

Նախազգուշացումները հաջորդում են Եվրոպայում Ղուրանի այրմանը: Շվեդիայի ԱԳՆ-ն նաեւ խորհուրդ է տվել Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին՝ խուսափել ամբոխներից եւ ցույցերից։

Անցյալ շաբաթ ծայրահեղ աջ քաղաքական գործիչըՍտոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ այրել էր Ղուրանը, ինչը լարվածություն է առաջացրել Թուրքիայի եւ Շվեդիայի միջեւ: Նիդեռլանդներում եւ Դանիայում Ղուրանի այրման նմանատիպ գործողությունները նույնպես արժանացել են Անկարայի խիստ դատապարտմանը: