Փհենյանը հերքել է Ռուսաստանին հրթիռներ մատակարարելու վերաբերյալ Վաշինգտոնի մեղադրանքները։ Կորեայի պաշտոնական Կենտրոնական լրատվական գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյան հերքել է մեղադրանքները՝ նախազգուշացնելով, որ ԱՄՆ-ն «իրոք անցանկալի արդյունքի» կհասնի, եթե շարունակի «ասեկոսեներ» տարածել։

«Գոյություն չունեցող փաստեր կեղծելու միջոցով Հյուսիսային Կորեայի կերպարը արատավորելու փորձը լուրջ սադրանք է, որը չի կարելի հանդուրժել եւ չի կարող հակազդեցություն չառաջացնել», - ասել է ԱՄՆ հարցերով արտաքին գործերի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Կվոն Չժոն Գունը։

Նա այդ քայլն անվանել է «հիմար փորձ՝ արդարացնելու զենքի վաճառքն Ուկրաինային»։

Նրա խոսքով՝ Ուկրաինա տանկեր ուղարկելու ԱՄՆ որոշումը «հանցավոր արարք է մարդկության նկատմամբ», որն ուղղված է անկայուն միջազգային իրադրության հավերժացմանը։