Պակիստանի հարավում մարդատար ավտոբուսն ընկել է ձորը եւ բռնկվել, ինչի հետեւանքով զոհվել է 40 մարդ, հայտնում է AP-ն։

Ավտոբուսը 44 ուղեւոր էր տեղափոխում Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքից դեպի հարեւան Սինդ նահանգի Կարաչի։ Վթարը տեղի է ունեցել Լասբելսկի շրջանի Բելա քաղաքի մոտ։

Հանձնակատարի օգնական Համզա Անջում Նադիմը հայտնել է, որ հայտնաբերվել է 40 մարդու դի, այդ թվում՝ կանանց եւ երեխաների: Չորս վիրավոր ուղեւորներին հաջողվել է փրկել։ «Վթարը տեղի է ունեցել արագության գերազանցման պատճառով, եւ ավտոբուսը բախվել է կամրջի հենասյանը։ Ձորն ընկնելուց կարճ ժամանակ անց հրդեհ է բռնկվել», - ասել է նա։

Դիակները անճանաչելիորեն այրվել են եւ տեղափոխվել Կարաչի՝ ԴՆԹ-ի նմուշառման համար, ասել է նա: Նույնականացումից հետո դիերը կհանձնվեն զոհվածների հարազատներին։

Ճանապարհատրանսպորտային պատահարները Պակիստանում սովորաբար տեղի են ունենում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների հետեւանքով` ամեն տարի պատճառ դառնալով հազարավոր մահերի: