Զինվորական մի խումբ պաշտոնյաներ անաղմուկ դրդում են Պենտագոնին հավանություն տալ F-16 կործանիչներ Ուկրաինա ուղարկելուն, հայտնում է Politico-ն՝ հղում տալով իր աղբյուրներին։

Քանի որ Ուկրաինան պատրաստվում է նոր հարձակում սկսել գարնանը, ՊՆ-ի ներսում մարտական ​​ինքնաթիռների արշավը թափ է հավաքում, ըստ պաշտպանության նախարարության խոսնակի եւ երկու այլ մասնակիցների:

«Չեմ կարծում, որ մենք դեմ ենք դրան», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան՝ անդրադառնալով F-16 կործանիչներին: Նա ընդգծել է, որ վերջնական որոշում դեռեւս կայացված չէ։ Այնուամենայնիվ, Ուկրաինան դեռեւս պետք է հայտարարի, որ կործանիչներն իր առաջնահերթությունն են, ընդգծել է նա՝ նշելով, որ Պենտագոնը կենտրոնացած է Կիեւին ուղղակիորեն կռվելու համար անհրաժեշտ միջոցներ ուղարկելու վրա։

Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան շաբաթ օրը հայտարարել է, որ Ուկրաինան եւ նրա արեւմտյան դաշնակիցները բանակցություններ են վարում ինչպես հեռահար հրթիռների, այնպես էլ ռազմական ինքնաթիռների հնարավոր արագ առաքման շուրջ: Ուկրաինայի կառավարության խորհրդականներից մեկն ասել է, որ հարցը բարձրացվել է Վաշինգտոնում, սակայն դեռեւս «ոչ մի լուրջ բան» չի քննարկվել: Երրորդ աղբյուրն ասել է, որ սեփական ինքնաթիռը մատակարերելու եւ այլ երկրներից F-16-ների վերաարտահանումը հաստատելու գործընթացը ԱՄՆ-ում կարող է «շաբաթներ» տեւել:

Սպիտակ տան խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այս պատմությունը, սակայն մատնանշել Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայների խոսքերը, ով ասել է, որ կործանիչների մասին քննարների ժամանակ ԱՄՆ-ն «շատ զգույշ» կլինի Կիեւի եւ նրա դաշնակիցների հետ։

Նույնիսկ եթե ԱՄՆ-ը որոշի F-16-ներ չուղարկել, ապա այլ արեւմտյան երկրները պետք է մատակարարեն ամերիկյան արտադրության կործանիչներ: Օրինակ, Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հոքստրան անցյալ շաբաթ երկրի խորհրդարանին ասել է, որ իր կաբինետը կքննարկի F-16-երի մատակարարումները, եթե Կիեւը խնդրի դրանք: Սակայն ԱՄՆ-ը պետք է հաստատի վերոնշյալ փոխանցումը։

Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները խոստովանում են, որ երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինային նոր ինքնաթիռներ են պետք։ Սակայն առայժմ ոմանք պնդում են, որ Ուկրաինան ավելի շատ կարիք ունի ավելի ավանդական հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպիսիք են Patriots-ը եւ NASAM-ը, որոնք մատակարարվում են ԱՄՆ-ի եւ այլ երկրների կողմից, քանի որ ինքնաթիռների մատակարարումը կարող է ամիսներ տեւել:

«Ուկրաինա F-16 կործանիչներ ուղարկելը այժմ չի լուծում թեւավոր հրթիռների կամ անօդաչու թռչող սարքերի խնդիրը», - ասել է պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան։

Ուկրաինան պահանջում է, որպեսզի ԱՄՆ-ն այժմ սկսի ուսուցումը, մինչ նախագահ Ջո Բայդենը կհաստատի ինքնաթիռների մատակարարումը, ասել է ուկրաինացի պաշտոնյան: Սակայն Պենտագոնը շահագրգռված չէ այդ առաջարկով, ասել են ամերիկացի պաշտոնյաները: Ավելի ցածր մակարդակներում քննարկվող այլընտրանքներից մեկը ուկրաինացի օդաչուներին ուսուցողական ինքնաթիռներում կործանիչների ներածական մարտավարությանը ծանոթացնելն է։

Ուկրաինան նաեւ քննարկել է, ուսուցման նպատակով, ԱՄՆ-ի մասնավոր ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու հարցը, ըստ խնդրին ծանոթ աղբյուրի:

Պաշտոնյաները նշում են, որ F-16-ներն առաջին անգամ կառուցվել են 1980-ականներին, եւ օդային ուժերն արդեն ապամոնտաժում են դրանց մի մասը: Ըստ նրանց՝ Ուկրաինային գաղտագողի ամերիկյան F-22 կամ F-35 ուղարկելը կդիտվի որպես սրացում, մինչդեռ F-16 ուղարկելու դեպքում իրավիճակը չի սրվի։

«Եկեք խոստովանենք, որ F-16-ի համար միջուկային պատերազմ չի լինի», - ասել է պաշտպանության նախարարության խոսնակը: Եվրոպացի պաշտոնյաներից մեկը համաձայնել է՝ ասելով, որ F-16-ները «չի կարելի համարել էսկալացիայի պատճառ»: «Դա պարզապես սովորական սպառազինությունների փաթեթի մի մասն է», - ասել է աղբյուրը:

Այնուամենայնիվ, F-16-ները բարդ համակարգեր են, որոնք նաեւ պահանջում են հսկայական ենթակառուցվածք եւ բարձր պատրաստվածություն ունեցող անձնակազմ՝ շահագործման եւ պահպանման համար: Ուկրաինացի տեխնիկական սպասարկման մասնագետների վերապատրաստումը հավանաբար ավելի երկար կտեւի, քան օդաչուներինը։