ԱՄՆ ռազմաօդային ուժերը եւ «մեկ այլ երկիր» մասնակցել են Իրանի ռազմական համալիրի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, պնդում է Al-Arabiya-ն՝ հղում տալով իր աղբյուրներին։ Նշվում է, որ հարվածը հասցվել է բալիստիկ հրթիռների պահեստին։

Մինչդեռ The Jerusalem Post-ը, վկայակոչելով արեւմտյան հետախուզության աղբյուրները, պնդում է, որ, հակառակ Իրանի պնդումներին, Սպահանում անօդաչու թռչող սարքի հարձակումը «շատ հաջող է եղել»:

«Չորս պայթյուն է տեղի ունեցել, որոնք նույնիսկ կարելի է տեսնել սոցիալական ցանցերում, առաջադեմ զենքեր մշակող հաստատությունում, եւ վնասը գերազանցում է «տանիքի փոքր վնասը», որը պնդում է Իսլամական Հանրապետությունը», գրում է պորտալը։

Մինչ Իսրայելը լռում է, «արեւմտյան հետախուզության եւ իրանական աղբյուրների մեծ մասը Մոսադին վերագրում են Իրանի միջուկային հաստատությունների դեմ նույնքան հաջող հարձակումները Նաթանզում 2020 թվականի հուլիսին, մեկ այլ միջուկային օբյեկտի վրա Նաթանզում 2021 թվականի ապրիլին, մեկ այլ միջուկային օբյեկտի վրա՝ Քարաջում՝ 2021 թվակամնի հունիսին, 2022 թվականի փետրվարին իրանական մոտ 120 կամ ավելի անօդաչու թռչող սարքերի ոչնչացումը»։

Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հետ է մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումը Սպահանում գտնվող պաշտպանական համալիրի ուղղությամբ։ Նախարարությունը հայտնել է, որ իր համալիրներից մեկի վրա մի քանի անօդաչու թռչող սարքեր են հարձակվել, սակայն համալիրի հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ հետ են մղել հարձակումը։ «ԱԹՍ-ներից մեկը խոցվել է համալիրի հակաօդային պաշտպանության կրակից, իսկ մյուս երկուսն ընկել են նրա պաշտպանական թակարդները եւ պայթել», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը նշել է, որ անհաջող հարձակումը չի հանգեցրել մարդկային զոհերի, այլ միայն չնչին վնաս է հասցրել արտադրամասի տանիքին։ Համալիրը հարձակումից հետո շարունակում է իր բնականոն աշխատանքը։