Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ակնարկել է, որ Անկարան կարող է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը համաձայնել ավելի շուտ, քան Շվեդիայի դեպքում՝ Ստոկհոլմի հետ լարվածության աճի ֆոնին:

«Մենք կարող ենք եւս մեկ հաղորդագրություն ուղարկել Ֆինլանդին (ըստ ՆԱՏՕ-ին ուղղված նրա դիմումի), եւ Շվեդիան շոկի մեջ կլինի, երբ տեսնի մեր ուղերձը: Սակայն Ֆինլանդիան չպետք է նույն սխալն անի, ինչ Շվեդիան»,- ասել է Էրդողանը հեռուստատեսային ուղերձում․ «Մենք Շվեդիային տվեցինք 120 հոգանոց ցուցակ եւ ասացինք, որ արտահանձնեն այդ ահաբեկիչներին։ Եթե ​​դուք նրանց չհանձնեք, ապա ներեցեք», - ասել է Էրդողանը` նկատի ունենալով անցյալ տարվա հունիսին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հետ Թուրքիայի համաձայնությունը՝ կապված նրանց դիմումի հետ:

Շվեդիան եւ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել անցյալ տարի, եւ անդամակցության համար անհրաժեշտ է բոլոր անդամ երկրների հավանությունը: Թուրքիան եւ Հունգարիան դեռեւս չեն վավերացրել երկրների անդամակցությունը։

Թուրքիան դադարեցրել է բանակցությունները Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հետ՝ անցյալ շաբաթ Ստոկհոլմում կայացած բողոքի ակցիայից հետո, երբ ծայրահեղ աջ քաղաքական գործիչն այրել էր Ղուրանի պատճենը:

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ երկխոսությունը, սակայն Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն ասել է, որ բանակցությունների վերսկսումն անիմաստ է։