Օրն ավարտվեց՝ հաստատելով նվաստիս պնդումն առ այն, որ Իրանի վրա անօդաչուներով  հարձակումը փոքր մասշտաբի գործողություն էր, որն ուղեկցվում էր լրատվական ուռճացմամբ. պաշտոնապես հաստատվել է Սպահանում մեկ օբյեկտի մասնակի վնասում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաեւ նշել է. «Նույնիսկ, եթե մի պահ սրան ավելացնենք Ազարշահր քաղաքի ավտոյուղերի արտադրական ձեռնարկությունում բռնկված հրդեհը, որն, ըստ իրանական կողմի պաշտոնական հաղորդագրության, տեխնածին բնույթ է ունեցել, այլ ոչ թե հարձակման հետևանք է, ապա կունենանք ընդամենը երկու օբյեկտ։

Իրանական ՀՕՊ համակարգերը կարողացել են արդյունավետ գործել, և Իրանը պատրաստ է եղել նման հնարավոր հարձակման։

Վերջնականապես հաստատված չէ, թե ո՞ր երկրի ԱԹՍ-ներն են ներգրավված եղել հարձակման մեջ և որտեղի՞ց են դրանք օդ բարձրացել կամ կառավարվել։ Շրջանառվում է իսրայելական ծագման և Ադրբեջանի կամ Իրաքի տարածքից իրականացման հիմնական վարկածը։

Լրատվական աղմուկը և գործողության քարոզչական ուռճացումը նաև ապատեղեկատվական հոսքերով հստակորեն տեղավորվում է Իրանի նկատմամբ վարվող քարոզչական պատերազմի տիրույթում և նպատակ ուներ փորձելու խուճապ տարածել իրանական հասարակության ներսում, ինչը մատնվել է անհաջողության։

Լրատվական ուռճացման և ապատեղեկատվության տարածման մեջ ակտիվ դերակատարություն են ունեցել հիմնականում իսրայելական, ադրբեջանական և որոշ արաբական մեդիա հարթակներ։

Իրանը շարունակում է մնալ, պատկերավոր ասած, մերձավորարևելյան առյուծ, սրանից բխող բոլոր հետևանքներով»։