ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «կատարում է կարեւոր խնդիր» իր դաշնակիցների համար՝ Ռուսաստանի, Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի քաղաքականության ֆոնին։

Դաշինքի ղեկավարը նշել է, որ «քանի դեռ գոյություն ունի միջուկային զենքը, հատկապես քանի դեռ ավտորիտար ուժերն են Ռուսաստանում տնօրինում եւ ինտենսիվորեն մոբիլիզացնում այն, քանի դեռ մենք տեսնում ենք, թե ինչ է անում Չինաստանը՝ մեծացնելով իր սպառազինությունների քանակությունը, եւ այն, ինչ անում է Հյուսիսային Կորեան, այսպիսի պայմաններում [միջուկային] զսպմանը չափազանց կարեւոր խնդիր է հատկացվում»։

Նրա կարծիքով՝ աշխարհը կարող է հայտնվել ավելի մեծ վտանգի առջեւ, եթե ՆԱՏՕ-ի միջուկային տերությունները, ինչպիսին են ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, հրաժարվեն միջուկային զենքից։

«Ընդլայնված զսպումն ԱՄՆ-ի միջոցներով ապահովում է ՆԱՏՕ-ի երկրներին եւ ՆԱՏՕ-ի որոշ գործընկերներին, ինչպիսին է Կորեայի Հանրապետությունը, որոնք սեփական միջուկային զենք չունեն»,- ասել է Սթոլտենբերգը՝ ավելացնելով, որ «դա թույլ է տալիս կանխել դրա տարածումը»։

Գլխավոր քարտուղարը նաեւ կոչ է արել Հարավային Կորեային  ավելացնել ռազմական օգնությունն Ուկրաինային՝ նշելով, որ «ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ, որոնք ավելի վաղ հրաժարվում էին զենք մատակարարել այն երկրներ, որոնցում հակամարտություններ կան, այժմ փոխել են իրենց քաղաքականությունը»՝ որպես օրինակ բերելով Գերմանիային, Նորվեգիային, ինչպես նաեւ դեռեւս ՆԱՏՕ չմտած Շվեդիային։