Վարորդները արդարացի բողոքում են, որ եթե խաչմերուկում կա լրացուցիչ սեկցիայով լուսացույց, մութ ժամերին վարորդը դա չի տեսնում, եթե այն վառված չի լինում: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային քաղաքականության բաժնի ավագ մասնագետ Արուսյակ Խաչատրյանը:

«Այսինքն վարորդը, մանավանդ, եթե տվյալ տեղանքին անծանոթ է, չի հասկանում, որ սեկցիա կա: Այդ դեպքում՝ նա կարող է հիմնական կանաչ լուսացույցի դեպքում՝ մուտք գործել խաչմերուկ՝ ակամայից խախտում անելով: Մենք առաջարկել ենք, որ լրացուցիչ սեկցիայով լուսացույցները անգամ անջատված վիճակում ունենան կարմիր եզրագիծ, որ վարորդը դա նկատի»,-ասաց նա:

Խաչատրյանի խոսքով, իրենք առաջարկել են նաեւ մի քանի ծառայությունների մասին ազդարարող նշան. «Սրանք տեղեկացնում են վարորդներին ճանապարհին մոտ գտնվող լիցքավորման, սննդի կետի, հանգստյան վայրի մասին: Ենթադրենք ճնապարհին մի քանի այդպիսի օբյեկտ կա, որպեսզի ամեն 100 մետրը մեկ մի նշան չդնենք, թույլատրվում է մեկ վահանակի վրա տեղակայել մի քանի նշան: