Հայաստանում անհրաժեշտ է դադարեցնել հիպոտեկային վարկերի տրամադրումը դոլարով։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունվարի 30-ին ասել է հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններ մտցնել համապատասխան հոդվածում եւ սահմանել, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները պետք է սպառողական վարկեր, փոխառություններ եւ հիպոտեկային բնակարանային վարկեր տրամադրեն միայն դրամով։ Ընդ որում՝ հիպոտեկային բնակարանային վարկերը ֆիզիկական ոչ ռեզիդենտ անձանց (համափոխառու ռեզիդենտի առկայության դեպքից բացի) կարող են տրամադրվել նաեւ օտարերկրյա արժույթով։

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ արտարժույթով եւ դրամով հիպոտեկային վարկերում չգործող վարկերի կշիռը դրամով վերջին երեք տարում կազմել է 1,5-2 տոկոս, իսկ արտարժույթով՝ 4,5-6 տոկոս։ «Համաձայն գործող օրենսդրության՝ հիպոտեկային վարկերը տրամադրվում են ոչ միայն հայկական դրամով, այլեւ դոլարով, եվրոյով։ Իսկ արտարժույթների փոխարժեքների տատանումների դեպքում մեծ ռիսկեր են առաջանում։ Ընդ որում՝ ոչ միայն բանկերի, այլեւ փոխառուների համար»,- նշել է խորհրդարանականը։

Հիշատակելով նախադեպերի մասին՝ Պապոյանը, մասնավորապես, նշել է.  արժույթի շուկաներում ցնցումների ժամանակ, հատկապես 2014թ., արտարժույթով չգործող վարկերի բաժինն ավելացել է՝ 4-ից հասնելով 12 տոկոսի, իսկ դրամային վարկերինը մնացել է նույն մակարդակին։ Այսինքն՝ 4 տոկոսի սահմանում։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն, իր հերթին, հայտարարել է, որ հիպոտեկային վարկերի միայն 17 տոկոսն է արտարժույթով։ «Եթե բացառենք արտարժույթով վարկերը, պետությունը կդառնա բանկերում կուտակված արտարժույթի միակ ձեռք բերողը»,- նշել է ընդդիմադիր գործիչը։ Օրենսդրական փոփոխությունները, նրա կարծիքով, մտցվում են միայն այն բանի համար, որպեսզի թեթեւացնեն դրանց սպասարկումն արտաքին պարտքի սպասարկման ավելացող ծավալների պայմաններում։