Ռուսաստանը մտադիր է առաջ մղել 2021թ. դեկտեմբերին մեկնարկած «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաեւ Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա) Խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի աշխատանքը։ Այս մասին նշվել է այսօր՝ հունվարի 30-ին հրապարակված Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ ԶԼՄ-ների հարցերի պատասխաններում, որոնք ստացվել են 2022թ. ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների վերաբերյալ տեղի ունեցած մամուլի ասուլիսում։  

«Այդ հարթակը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ կոոպերացման ամրապնդման գործնական հարցերի վրա՝ ի շահ տարածաշրջանային խաղացողների, համարում ենք օգտակար եւ ճիշտ ժամանակին»,- նշվել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչույթան հաղորդագրությունում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուսական կողմը մասնակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, որն այժմ նորից ակտիվացել է, ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ «հենց Ռուսաստանի հովանու ներքո է տրվել այդ նախաձեռնության մեկնարկը 2022թ. հունվարին, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի եւ Թուրքիայի հտուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը։ «Երկուսի հետ էլ մենք այսօր սերտ կապ ենք պահպանում։ Ողջունում ենք վերջին տեղաշարժերը, որոնք հեռանկարներ են բացում հայ-թուրքական կապերի վերականգնման համար, ինչը կնպաստի տարածաշրջանային իրադրության հետագա բարելավմանը»։