Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերություններն առանձնահատուկ են՝ հիմնված փոխադարձ վստահության եւ հարգանքի վրա, պարտավորությունների կատարումը գնահատվում է փոխադարձաբար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք հնարավոր չենք համարում մեկնաբանել թուրք-ֆրանսիական հարաբերությունները։ Դուք գիտեք, որ նախագահ Պուտինը եւ նախագահ Էրդողանն առանձնահատուկ հարաբերություններ ունեն։ Դրանք իսկապես հիմնված են փոխադարձ վստահության, փոխադարձ հարգանքի եւ այն պարտավորություններին հավատարմության վրա, որոնք նրանք հանձն են առնում։ Եվ խոսքը, պարտականությունները կատարելը գնահատվում է փոխադարձաբար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում պաշտպանում են Մակրոնի վերաբերյալ Էրդողանի դիրքորոշումը։

Ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օժտված չէ պետության ղեկավարի որակավորմամբ, Փարիզը կորցնում է  հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ ինքը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Մակրոնի հետ միջազգային միջոցառումների ժամանակ, բայց, ըստ Էրդողանի, իր ֆրանսիացի գործընկերն «ազնիվ չէ»։