Բացի Լեռնային Ղարաբաղի ամբողջական ապաշրջափակումից, ոչինչ թեթեւացում չի բերի այս դաժան եւ անհարկի շրջափակման զոհերին։ Այս մասին Միջազգային դատարանում հայտարարել է Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբան Կոնստանտինոս Սալոնիդիսը։

Դեկտեմբերի սկզբից Ադրբեջանի շրջափակման հետեւանքով հարյուրավոր մարդիկ բախտի քմահաճույքին են մնացել, իսկ գազի, սննդի եւ ինտերնետ-կապի մատակարարումները կայուն չեն եղել։

«Բացի Լեռնային Ղարաբաղի ամբողջական ապաշրջափակումից, ոչինչ թեթեւացում չի բերի այս դաժան եւ անհարկի շրջափակման զոհերին»,- ասել է նա:

Կոնստանտինոս Սալոնիդիսը հավելել է, որ «Հայաստանը միայնակ չէ այս եզրակացության մեջ։ Այս եզրակացությունը կիսում է ողջ միջազգային հանրությունը»։

Նրա խոսքով, «իրավիճակի առաջանցիկ վատթարացումն ակնհայտ է։ Կոլեկտիվ տրավմա արդեն հասցվել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը»։