Երթեւեկության կանոններում արված որեւէ փոփոխություն չի կարող արդյունք ունենալ, եթե դպրոցներից սկսած մարդկանց չբացատրեն երթեւեկության կանոնները պահպանելու նշանակությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Վարորդի Ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը՝ անդրադառնալով Ճանապարհային նշանների սպասվող թարմացմանը եւ կարգավորմանը:

Փոփոխություններից մեկով՝ օրվա տարբեր հատվածներում տվյալ փողոցում երթեւեկության արագությունը կարող է տարբեր լինել, ինչը կերեւա փոփոխվող նշանի միջոցով։

«Անհերքելի փաստ է, որ մեզ մոտ վարորդները վարում են շատ արագ, ոչ սահմանված արագությամբ, եւ հիմնականում դրա հետեւանքով էլ վթարների թիվը չի նվազում։ Հատվածներ կան, որտեղ երթեւեկությունը շատ ծանրաբեռված է բոլոր ժամերին, եւ այսպես թե այնպես չեն կարողանա արագ երթեւեկել, օրինակ՝ Կոմիտաս-Քոչար խաչմերուկում բարդ է պատկերացնելը, թե կոնկրետ, որ ժամին պետք է սահմանափակումներ դնեն։ Ըստ էության, իմաստ չկա։ Մեր վարորդները սիրում են արագ երթեւեկել, չենթարկվել կանոններին, դրա համար փոքրուց մարդուն պետք է կրթել, սովորեցնել պահել օրենքները։ Հենց անենք սա երթեւեկության պատկերը կփոխվի»,- ասաց Քեյանը։

Մեկ այլ փոփոխությամբ՝ ցանկացած խաչմերուկում, անկախ այն բանից՝ կա «վաֆլի» գծանշումը, թե՝ ոչ, արգելվում է մուտք գործել, եթե առաջացել է խցանում։

«Վարորդը պետք է հասկանա, եթե խաչմերուկը ծանրաբեռնված է, չպետք է մուտք գործի խաչմերուկ՝ գիտակցելով, որ հակառակ երթեւեկությամբ երթեւեկողների համար ավելի լուրջ խնդիրներ է առաջացնում։ Խցանումներն ավելի շատ առաջացնում են հենց այն վարորդները, որոնք ուզում են գիծը հատել եւ խաչմերուկի մեջտեղում երկար կանգնել, դրա համար նման սահմանափակումը կարող է արդարացված լինել»,- նշեց Տիգրան Քեյանը։

Նախատեսված է նաեւ, որ սեկցիայով լուսացույցը՝ անգամ անջատված վիճակում, կունենա կարմիր եզրագիծ։         

«Շոու է դա, աշխարհում ոչ մի տեղ նման բան չեմ տեսել։ Ես տեսել եմ եվրոպական շատ երկրներում, որ բացի վերեւից կախված լինելուց, լուսացույցը տեղադրված է նաեւ փողոցի աջ մասում, որ բոլոր գծերի վարորդների համար էլ տեսանելի լինի։ Կարծում եմ՝ այդպես ավելի ճիշտ է, քան միայն վերեւից կամ աջ կողմից։ Լույսը, միեւնույն է, տեսանելի կլինի։ Եթե գիշերային ժամին լուսացույցն աշխատում է, եզրային կարմիր ժապավենն ո՞ւմ է պետք, անիմաստ բան է»,- նկատեց Քեյանը։

Ըստ Տիգրան Քեյանի՝ փորձը ցույց է տալիս, որ տուգանքներով մարդիկ չեն փոխվում, չեն դաստիարակվում։ Ավտովթարների թիվը չեն նվազում, տարեկան մոտավոր նույն չափով ակտեր են գրանցվում։ Հսկողությունը պետք է, սակայն որպես առանձին լուծում դա օգտավետ չի լինի։

«Տուգանքը կարժամկետ զսպող համակարգ է, որը պետք է լինի, բայց այն վերջնական լուծումը չէ, ամբողջ շեշտը չպետք է դրա վրա դրվի։ Ամեն ինչ պետք է սկսվի դպրոցում համապատասխան կրթություն տալուց։ Մի շարք առարկաների կողքին պետք է դասավանդվի նաեւ երթեկեւության կանոնների մասին առարկա, եւ այստեղ կողմ չեն համարվի միայն վարորդները, այլ նաեւ ուղեւորները, հետիոտները, հեծանվորդները։ Բոլորս ենք երթեւեկության կողմեր։ Մենք վարորդներին ուղղակի պատժելով ոչնչի չենք հասնի։ Մարդիկ խախտում պետք է չանեն ոչ թե այն պատճառով, որ չեն ուզում տուգանվել, այլ որովհետեւ ուզում են ունենալ անվտանգ երթեւեկություն»,- ընդգծեց նա։

Քեյանի կարծիքով՝ հենց այդ կրթության հաշվին արդեն եվրոպական երկրներում վարորդները հիմնականում արագ չեն վարում, երթեւեկության կանոն չեն խախտում։ Առանձին կանոններ հնարավոր է խախտվեն, սակայն արագություն չի գերազանցվում, ամրագոտի կապում են, եւ ի հաշիվ սրանց՝ ավտովթարների թիվը մեկ շնչի հաշվով նվազ է։

«Զարգացած երկրներում, եթե մեքենան մի քանի վայրկյան կայանում ես երկրորդ գծում, չեն տուգանվում, վարորդները չնախատեսված տեղերում չեն կայանում, արգելված նշանի տակ կանգառ չեն կատարում, հաշմանդամների համար նախատեսված կայանում կայանում չեն կատարում։ Օրինակ՝ մեզ մոտ, եթե մեքենադ չթույլատրված մասում կայանես ամեն օր, քեզ տուգանք կգա այն դեպքում, եթե դու կարող ես նշանը նկատած չլինել։ Մեր կենտրոնում մի քանի փողոցներ են ընդամենը հսկվում, իսկ զարգացած երկրներում կարեւոր չէ, ծայրամասում կլինես, թե կենտրոնում, չթույլատրված հատվածում կայանելու դեպքում մեքենադ մեկ ժամ հետո կհեռացնեն տարածքից»,- հավելեց նա։