Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել անօդաչու թռչող սարքեր արտադրող իրանական Iran Aircraft Manufacturing Industries Corporation-ի դեմ: Այս մասին հաղորդվում է ԵՄ պաշտոնական ամսագրում։

«Iran Aircraft Manufacturing Industries Corporation-ը (HESA) իրանական ընկերություն է, որը մասնագիտացած է ռազմական եւ քաղաքացիական ինքնաթիռների, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության մեջ:

HESA-ն արտադրում է անօդաչու թռչող սարքեր, որոնք օգտագործվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից: HESA-ն մասնակցում է անօդաչու թռչող սարքերի հետազոտությանը, մշակմանը, արտադրությանը եւ թռիչքային շահագործմանը: HESA-ն Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության (IAIO) դուստր ձեռնարկություն է, որը պետական հաստատություն է ու ենթակա է Իրանի զինված ուժերի պաշտպանության եւ նյութատեխնիկական ապահովման նախարարությանը: Իրանում HESA-ի արտադրած անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում։

Ուստի HESA-ն պատասխանատվություն է կրում այն գործողությունների նյութական աջակցության համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ անկախությանը»,- բացատրում է ԵՄ-ն իր որոշումը։