Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ապագան Եվրոպական միությունում է, ասվում է ԵՄ խորհրդի կողմից այսօր հրապարակված «Եվրախորհրդի հետ ԵՄ համագործակցության 2023-2024 թվականների առաջնահերթությունների վերաբերյալ եզրակացություններ» փաստաթղթում։

«ԵՄ անդամակցության հեռանկարը Եվրոպայում կայունության կարեւոր գործոն է, որը Եվրոպայի խորհուրդը շարունակում է ամրապնդել։ 2022 թվականի հունիսի 23-ին Եվրոպական խորհուրդը ճանաչեց Ուկրաինայի, Մոլդովայի Հանրապետության եւ Վրաստանի եվրոպական հեռանկարը։ Այս երկրների եւ նրանց քաղաքացիների ապագան Եվրամիությունում է։ Սա նոր խթան է հաղորդում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության բնագավառում հետագա առաջընթացին այս երկրներում եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԵՄ-ն ընդունում է Եվրոպայի խորհրդի կարեւոր դերը Արեւմտյան Բալկաններում եւ Արեւելյան գործընկերության երկրներում բարեփոխումների գործընթացում առանցքային ինստիտուտները եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու եւ ներուժի ամրապնդմանն աջակցելու գործում, ասվում է փաստաթղթում։

«ԵՄ-ն եւ Եվրոպայի խորհուրդը կշարունակեն համատեղ աշխատանքը, որպեսզի օգնեն ԵՄ անդամակցության թեկնածու երկրներին եւ պոտենցիալ թեկնածուներին անդամակցել ԵՄ-ին շոշափելի առաջընթաց գրանցել ընդհանուր բարեփոխումների գործընթացում՝ ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ: Ընդլայնման եւ բարիդրացիության տարածաշրջաններում մեր համատեղ ծրագրերը կշարունակեն աջակցել մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։