Իրանը որպես տարածաշրջանային գործոն, ռազմաքաղաքական դերակատար, իր ռազմական կարողություններով ու քաղաքական դիրքորոշմամբ խանգարում է եւ տարածաշրջանում, եւ տարածաշրջանից դուրս որոշ ուժերի այս տարածաշրջանում իրենց քաղաքականության իրացմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Նվեր Դավթյանը:

«Բայց տարածաշրջանում կան երկրներ, որոնք կամ պլատֆորմի դերում են հանդես գալիս, կամ գորշակալի դերում՝ իրացնելով որոշակի արտատարածաշրջանային ուժերի շահեր Իրանի դեմ: Մենք այդ դեպքում տեսնում ենք եւ Ադրբեջանին, եւ Թուրքիային: Այս տեսանկյունից Իրանի համար այս խոչընդոտները, որ ստեղծվում են, սպառնում են եւ Իրանի տարածքային ամբողջականությանը, եւ երկրի անվտանգությանը, տնտեսական անվտանգությանը, եւ երկրի ներսում հասարակական խժդժություններ են ստեղծում: Իրանը նման գործելաոճ չի կարող հանդուրժել: Հիմա, թե այդ երկրներից որը որ պահին ինչ դերով է հանդես գալիս, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ Իրանի դեմ գործում է Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել շղթան:

Այստեղ ամեձնամեծ շահառուն իսրայելն է, որը շահագրգռված է Իրանի, նաեւ Թուրքիայի թուլացմամբ: Այստեղ կարող է օգտագործվել Ադրբեջանի գործոնը որպես գործիք: Կարող է օգտագործվել նաեւ Իրաքը՝ Իրաքի տարածքով»,-ասաց նա:

Անդրադառնալով Իրանի Սպահանի ռազմական համալիրի մոտ ԱԹՍներով հարձակմանը, իրանագետն ասաց. «Չի բացառվում, որ դա իրականացված լինի ոչ թե Ադրբեջանի տարածքից: Գուցե Ադրբեջանից օդ են բարձրացել, բայց չի բացառվում, որ կառավարվել են Իրաքի տարածքից, որը հնարավորություն է տալիս օպերատիվ կառավարել»:

Ինչ վերաբերում է Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակմանը, Նվեր Դավթյանն ասաց, որ Ադրբեջանը փորձում է սրել իրավիճակը. «Ադրբեջանին այս իրադարձությունը ձեռնտու է քաղաքական տեսանկյունից: Չենք կարող բացառել, որ եղել է մտադրություն Իրանի վրա գրոհ իրականացնելու,  եւ սա կարող էր օգտագործվել որպես պատրվակ»:

Նա հիշեցրեց, որ Իրանը միշտ դեմ է եղել իր սահմանակից երկրների սահմանների փոփոխությանը, ինչը ձեռնտու չի Ադրբեջանին ու Թուրքիային. «Այս առումով իրենք դեմ չէին լինի Իրանին ներքաշել պատերազմական սադրանքի մեջ»: