Ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ պարզապես Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպված ցույցին մասնակցելու կամ կարծիք հայտնելու համար հայը կարող է զրկվել սեփական հայրենիք այցելելու իրավունքից։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանին անցանկալի անձ ճանաչելը եւ նրա մուտքը Հայաստանում արգելել է։

«Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ պատճառ ասել հնարավոր չէ, որովհետեւ գաղտնիք է պարունակում, սակայն տարբեր իշխանականներ բանավոր մեկնաբանությամբ ասում են, որ նման արգելքների պատճառն այն է, որ մարդիկ մասնակցել են Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերի։ Իրենք իրենց նույնականացնում են պետության հետ ու իրենց դեմ ասված խոսքը համարում են պետության դեմ ասված խոսք։ Նման իրականություն մենք չենք ունեցել նորանկախ պատմության մեջ»,- նշեց Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ մյուս կողմից էլ հասկանալի է, որ այս ամենն արվում է գլխավոր օրակարգերից շեղելու համար։ Ըստ նրա՝ իշխանությունը հրաժարվում է լուծել 50 օր շրջափակված Արցախի հարցը, այն ամբողջությամբ ընկած է ազգային ուժերի վրա, եւ ամեն ինչ արվում է այդ ուժերին ջլատելու, նրանց օրակարգը փոխելու համար։

«Սա թվով չորրորդ հայի նկատմամբ նման գործողությունն է։ Պայմանավորված է դաշնակցական լինելով, մշտապես ազգային շահերով գործելով, հայանպաստ գործությամբ։ Նժդեհը այն երիտասարդներից է, որը Հայաստանում եւ Արցախում լինում է կամավորական եւ բարեգործական միջոցառումների համար։ Այստեղ էր նաեւ պատերազմին մասնակցելու համար, սահմանամերձ գյուղերում ծրագրեր իրականացնելու համար։ Նժդեհը նաեւ մեծ մասնակցություն է ունեցել Ֆրանսիայի հայկական ցույցերին, Ադրբեջանի դեսպանատան դիմաց կազմակերպված ակցիաներին, հենց այս պատճառով էլ ինքը հայտնվել էր ադրբեջանական ծառայությունների ուշադրության կենտրոնում ու իր համար վերջին շրջանում խնդիրներ էին ստեղծվել։ Փաստորեն նույն գործողությունների հետեւանքով նրա մուտքն արգելված է նաեւ Հայաստան։ Հայաստանն առանց վերապահման իր դռները լայն բացում է թշնամիների համար, իսկ հայերի համար դռները փակվում են։ Նման ցուցակ կա մեկ թշնամի Ադբեջանում, մեկ Հայաստանում՝ ներկա իշխանության պարագայում»,- ասաց Վարդանյանը։

Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանության թիրախում են ոչ միայն սփյուռքահայ դաշնակցականները, այլ նաեւ ազգային գործիչները։ Ազգային գործիչների մուտքն արգելվում է, իսկ հակահայկական մտքերով առանձնացող որեւէ ադրբեջանցի գործիչ՝ ոչ։

«Ինչո՞ւ հարցի պատասխանը հավանաբար հենց ազգային բառի տակ է թաքնված։ Մի կողմից կա իշխանություն, որի գործողությունից հայկական շահը բացարձակապես չի բխում, մյուս կողմից էլ կան ազգային ուժեր, որոնք կարող են վտանգ սպառնալ այդ հակահայկական ծրագրերի համար, դրա համար էլ նման թիրախավորումներ են լինում։ Նախորդ անգամ էլ արգելվեց հայ հայտնի գործիչ Մուրադ Փափազյանի մուտքը, որն ընդամենը մի քանի օր առաջ հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ ներկայացրել Արցախի ճգնաժամը, եւ քայլեր առաջարկել այդ ճգնաժամից դուրս գալու համար։ Ո՞վ է շահում այս ամենից՝ ոչ Հայաստանը եւ հայը։ Իսկ թշնամին, վստահաբար, գոհ է նման զարգացումից»,- ընդգծեց պատգամավորը։