Ադրբեջանը հարյուր տարի կարող է Եվրոպայի համար էներգիայի հուսալի մատակարար լինել, երկուշաբթի հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Հունգարիա կատարած այցի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեր երկիրը բավականաչափ էներգիա ունի, որպեսզի բավարարի Եվրոպայի կարիքները՝ որպես վստահելի մատակարար առաջիկա հարյուր տարում»,- Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ Ալիեւի խոսքերը մեջբերում է MTI գործակալությունը։

Օրբանն իր հերթին ասել է, որ Ադրբեջանը խոստացել է մինչեւ 2027 թվականը կրկնապատկել Եվրոպա մատակարարվող բնական գազի քանակը, ինչպես նաեւ Սեւ ծովի հատակով Եվրոպա կանաչ էլեկտրաէներգիա մատակարարելու համաձայնագիր է ստորագրել Վրաստանի, Հունգարիայի եւ Ռումինիայի հետ։

«Ադրբեջանից եկող եւ՛ բնական գազը, եւ՛ էլեկտրաէներգիան անցնում է Հունգարիայի տարածքով, ուստի Հունգարիան նույնպես շահում է այս նոր իրավիճակից։ Մենք ուրախ ենք, որ Հունգարիան դառնում է լուծման մաս, այլ ոչ թե խնդրի՝ Եվրոպայի էներգամատակարարման առումով»,- ասել է Օրբանը։

Գործակալությունը հայտնում է նաեւ, որ Ալիեւը Օրբանին եւ նախագահ Կատալին Նովակին, որին նույնպես հանդիպել է Բուդապեշտ կատարած այցի ժամանակ, հրավիրել է պաշտոնական այց կատարել Ադրբեջան։

Այցի ընթացքում ստորագրվել են յոթ համաձայնագրեր, որոնցից կարեւորն ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրն է։ Մնացածը վերաբերել են բնական գազի, գյուղատնտեսության, տիեզերական հետազոտությունների եւ միգրացիայի ոլորտներում համագործակցությանը:

Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն ավելի վաղ ասել էր, որ Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան եւ Սլովակիան խնդրել են ԵՀ-ին միջոցներ հատկացնել Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարման ենթակառուցվածքների զարգացման համար, քանի որ դա բխում է ողջ տարածաշրջանի շահերից։ Նրա խոսքով, պարզ կդառնա, թե արդյոք ԵՄ-ն պատրաստ է մատակարարումների դիվերսիֆիկացման մասին խոսակցություններից անցնել դրա իրականացման իրական քայլերի։ Սեպտեմբերին թյուրքական պետությունների էներգետիկայի նախարարների հանդիպման ժամանակ Սիյարտոն հայտարարել էր, որ Ադրբեջանից Եվրոպա եկող գազի ծավալը մոտակա տարիներին կկրկնապատկվի՝ դա անվանելով եվրոպական էներգակիրների դիվերսիֆիկացման ամենաիրական հնարավորությունը։

Հունգարիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ երկիրն աշխատում է գազի մատակարարումների դիվերսիֆիկացման վրա, սակայն կարճաժամկետ հեռանկարում հնարավոր չի լինի փոխարինել ռուսական էներգակիրներին։ Բացի ադրբեջանական գազի ներմուծման ավելացումից, Հունգարիան շահագրգռված է խորվաթական Կրկի տերմինալի միջոցով երկիր ՀԲԳ մատակարարումների ավելացմամբ եւ Ռումինիայում գազի հանքավայրի մշակմամբ։