Եթե Հայաստանը պահի Սյունիքը, դրանով իսկ արդեն կօգնի Իրանին. Այսինքն մեր կողմից մեր սահմանները պահելն արդեն աջակցություն է Իրանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Նվեր Դավթյանը:

«Բայց այսօրվա պայմաններում Իրանի հետ բաց ռազմական ոլորտում համագործակցությունը որոշակի խնդիրներ ունի. կարող են լինել ճնշումներ ՀՀ իշխանությունների վրա: Ես կուզեի, որ լիներ Իրանի հետ այդ համագործակցությունը, բայց չհայտարարվեր դրա մասին: Այստեղ ես մտավախություն ունեմ, հաշվի առնելով եւ՛ արտաքին ճնշումները, եւ՛ կառավարող օղակների արտաքին քաղաքական կողմնորոշումները: Երկրորդ, Հայաստանը չպետք է հակաիրանական պլատֆորմ դառնա: Մենք չենք կարող սա բացառել»,-ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք կմեծանա լարվածությունը մեր տարածաշրջանում, Նվեր Դավթյանը պատասխանեց. «Դժվար է ասել, բայց Իրանի ռազմապաշտպանական արձագանքը տեղի ունեցած գործողություններին ցույց տվեց, որ նա ասում է՝ ձեր գործողություններն ունենալու են պատասխան: Մյուս կողմից հակաիրանական կոալիցիայի երկրներից յուրաքանչյուրն ունի իր խոցելի կողմերը: Կա իսրայելապաղեստինյան գործոնը՝ գնահատելով, թե Իրանն ինչ դերակատարություն ունի թե՛ Լիբանանում, թե՛ Սիրիայի հարավում, թե՛ Պաղեստինում: Թուրքիան ընտրությունների նախաշեմին եւ առնվազն մինչեւ ընտրություններ դժվար թե նման համարձակ քայլի գնա։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, նա միայնակ ոչինչ չի համարձակվի իրականացնել»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք Իրանը կկարողանա ինքնուրույն այդ ուժերի դեմ պայքարել, Նվեր Դավթյանն ասաց. «Իրանն այսօր ինչ ունի, իրենն է: Այսօր Իրանը 50 անօդաչու կօգտագործի, հաջորդ օրը 50-նն էլ կարտադրի: Իրանում նաեւ փորձել են հնարավորինս նվազագույնի հասցնել արտաքին տնտեսական կախվածությունը: Սրանք հնարավորություն են տալիս երկարատեւ պատերազմ վարել: Իսկ որ երկիրը պատրաստ լինի երկարատեւ պատերազմ վարելու, հաղթանակով է դուրս գալու»: