Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան եւ նրա հույն գործընկեր Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի օրը պայմանավորվել են ամրապնդել անվտանգության, պաշտպանության եւ տնտեսական ոլորտում իրենց կապերը եւ պարտավորվել են համագործակցել՝ «ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման եւ Եվրոպայում ու Ասիայում այլ սպառնալիքների», հաղորդում է AP-ն։

Նրանք հայտարարել են, որ պայմանավորվել են իրենց երկրների հարաբերությունները բարձրացնել մինչեւ ռազմավարական գործընկերություն, իսկ պաշտպանական կապերը կընդգրկեն ռազմական սարքավորումները եւ տեխնոլոգիաները:

Տոկիոյի բանակցություններին հաջորդած համատեղ հայտարարության մեջ երկու երկրների ղեկավարներն ասել են, որ իրենք գիտակցում են Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության ամրապնդման եւ Ճապոնիայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության հետագա զարգացման կարեւորությունը:

Կիսիդան եւ Միցոտակիսն ընդգծել են երկու ծովային պետությունների համատեղ աշխատանքի կարեւորությունը՝ բաց ջրային ուղիներով ազատ եւ անվտանգ նավարկություն ապահովելու համար, եւ պայմանավորվել են, որ ճապոնական առափնյա պահպանության ուսումնական նավերն այս տարի ավելի ուշ կայցելեն Հունաստան՝ հաղորդակցությունն ու համագործակցությունը բարելավելու նպատակով:

Երկու ղեկավարներն էլ «վճռականորեն դեմ են արտահայտվել ստատուս քվոն ուժի կամ հարկադրանքի միջոցով փոխելու ցանկացած միակողմանի փորձի, որը մեծացնում է լարվածությունը եւ խարխլում տարածաշրջանային կայունությունն ու միջազգային կարգը» ամենուր, ներառյալ Արեւելյան Միջերկրական ծովը, Արեւելաչինական եւ Հարավչինական ծովերը: