Ռուսաստանին 2014 թվականից զինված հակամարտության են սադրում, կարծում է Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում, փոխանցում է Dnevnik.hr-ը։

Նրա խոսքով՝ նման պահվածքը միջուկային զենքի կիրառմամբ է սպառնում։

«2014 թվականից մենք տեսնում ենք, թե ինչպես է «ինչ-որ մեկը» սադրում Ռուսաստանին՝ այս պատերազմը հրահրելու մտադրությամբ։ Այն սկսվել է։ Անցել է մեկ տարի, եւ մենք միայն հիմա ենք խոսում տանկերի մասին: Ինչո՞ւ առաջին օրը դրանք այնտեղ չուղարկեցին։ Բոլոր գերմանական տանկերը այնտեղ կուղարկենք, չնայած այն բանին, որ հազարից ավելի տանկեր (ԽՍՀՄ փլուզումից հետո) ոչնչացվել են, այդ տանկերին նույն ճակատագիրն է սպասվում»,- կարծում է նա։

Խորվաթիայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի հետ ռազմական գործողություններ վարելը վտանգավոր է, քանի որ նա պարտություն թույլ չի տա եւ անհրաժեշտության դեպքում կարող է դիմել միջուկային զենքի, փոխանցում է РБК-ն։

Նա նաեւ ասել է, որ չի կարելի զուգահեռներ անցկացնել Բալկաններում Սերբիայի գործողությունների եւ աշխարհում Ռուսաստանի պահվածքի միջեւ։

«Կոսովոն խլեցին Սերբիայից։ Մենք եւ միջազգային հանրությունը։ Մենք ճանաչել ենք նրան եւ աջակցում ենք»,- հիշեցրել է Միլանովիչը։ Նրա խոսքով, ակնհայտ էր, որ դրանից հետո Ռուսաստանը կարող էր նման բան անել։ «Պարզ է, որ Ղրիմն այլեւս երբեք չի լինի Ուկրաինայի մաս։ Ահա թե ինչ էին ասում գերմանացի առաջատար գեներալները»,- ասել է Միլանովիչը՝ ընդգծելով, որ նման խոսակցություններ եղել են դեռեւս Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց առաջ։

Սա առաջին դեպքը չէ, երբ Միլանովիչը քննադատում է Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան երկրների գործողությունները։ Այսպես՝ ավելի վաղ նա արդեն ասել էր, որ հակառուսական պատժամիջոցները վնասել են Եվրոպային եւ մերձեցրել Մոսկվային ու Պեկինին։ «Խնդիրն այն է, թե որքան վնաս (պատժամիջոցներ) կհասցնեն մեզ։ Դա վնաս է պատճառում Եվրոպային: Մեզ հաջողվեց մերձեցնել Ռուսաստանին եւ Չինաստանին։ Սա ո՞ւմ շահերից է բխում,- ասել է Միլանովիչը հունվարի 20-ին։ Իսկ հունվարին Միլանովիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ Հյուսիսատլանտյան դաշինքն Ուկրաինայում միջնորդավորված պատերազմ են մղում Ռուսաստանի դեմ:

Այնուամենայնիվ, նրա խոսքով, Զագրեբի եւ Մոսկվայի միջեւ «ոչ բարեկամական հարաբերություններ» են ձեւավորվել, թեեւ Խորվաթիան այնքան ակտիվ չի մասնակցում Ռուսաստանի դեմ պայքարին, որքան որոշ այլ երկրներ, «որոնք դե ֆակտո պատերազմական վիճակում են»։