ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի օրը Իսրայելին եւ պաղեստինցիներին լարվածությունը թուլացնելու կոչ է արել բռնության աճի ֆոնին, որը սպառնալիքի տակ է դրել տարածաշրջանը, հաղորդում է AP-ն:

Արյունահեղությունը անհանգստացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին, որը փորձում է ընդհանուր լեզու գտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նոր կառավարության հետ։

Եգիպտոս կատարած կարճատեւ այցից հետո Թել Ավիվի մոտ գտնվող Իսրայելի միջազգային օդանավակայան ժամանելուն պես ելույթ ունենալով՝ Բլինքենն ասել է, որ ինքը եկել է «բեկումնային պահի», եւ դատապարտել է պաղեստինցիների հարձակումները Իսրայելի քաղաքացիների վրա, բայց նաեւ կոչ է արել ի պատասխան զսպվածություն ցուցաբերել՝ հայտարարելով, որ քաղաքացիական բնակչության բոլոր զոհերը կարեկցանքի են արժանի։

«Ահաբեկչական հարձակման ժամանակ անմեղ մարդկանց կյանքից զրկելը միշտ էլ նողկալի հանցագործություն է, սակայն նրանց պաշտամունքի վայրից դուրս գալիս մարդկանց թիրախ դարձնելը հատկապես ցնցող է»,- ասել է նա՝ նկատի ունենալով ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումը, որի հետեւանքով զոհվել է յոթ մարդ, որոնցից շատերը Երուսաղեմի սինագոգից դուրս գալիս են եղել:

«Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք դա,- ասել է նա,- Մենք դատապարտում ենք բոլոր նրանց, ովքեր տոնում են այս եւ ցանկացած այլ ահաբեկչական գործողությունները, որոնք խլում են խաղաղ բնակիչների կյանքը՝ անկախ նրանից, թե ով է զոհը եւ ինչին է նա հավատում։ Նոր անմեղ զոհերի համար վրեժ լուծելու կոչերը ելք չեն: Իսկ խաղաղ բնակիչների նկատմամբ պատասխան բռնության ակտերը երբեք չեն արդարացվում»։

Բռնության վերջին բռնկումը սկսվել է անցյալ շաբաթ՝ Հորդանան գետի Ջենին քաղաքից իսրայելական զինվորականների արշավով, որի հետեւանքով զոհվել է 10 մարդ, որոնցից շատերը պաղեստինցիներ են եղել, դրան հաջորդել է հրաձգությունը արեւելյան Երուսաղեմի հրեական բնակավայրում, որի հետեւանքով յոթ իսրայելցի է զոհվել:

Բլինքենը հայտարարել է, որ երկու կողմերն էլ պետք է աշխատեն լարվածությունը թուլացնելու համար, որը կտրուկ աճել է՝ անցյալ շաբաթվանից «բռնության թարմ եւ սարսափելի վերելքի» հետեւանքով, ինչը յուրաքանչյուր կողմից պատասխան կոշտ միջոցների պատճառ է դարձել:

«Բոլորի պարտականությունն է քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու, այլ ոչ թե սրելու համար,- ասել է նա,- Սա միակ ճանապարհն է կասեցնելու բռնության աճող ալիքը, որը չափազանց շատ կյանքեր է խլել, չափազանց շատ իսրայելցիներ եւ շատ պաղեստինցիներ»:

Երկուշաբթի օրը, Բլինքենի ժամանումից քիչ առաջ, Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական ուժերը մի պաղեստինցու են սպանել Հեւրոն քաղաքում, որտեղ բռնություններ են տեղի ունեցել՝ հունվարին սպանված պաղեստինցիների թիվը հասցնելով 35-ի։