Հայաստանի մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում, կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Մասնավորապես`փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Տեղ-տեղ մերկասառույց է Գավառի եւ Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին։

«Վայք, Ջերմուկ, Եղեգնաձոր, Գյումրի, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Արարատի մարզում, Ապարանի, Չարենցավանի տարածաշրջաններում, «Մեղրու սար» կոչվող հատվածում եւ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։