Toyota ընկերությունը 2022 թվականին 10,5 միլիոն ավտոմեքենա է վաճառել՝ երրորդ տարին անընդմեջ պահպանելով աշխարհի ամենավաճառվող ավտոարտադրողի տիտղոսը, հայտնում է Reuters-ը։

Ընկերության համաշխարհային վաճառքները, ներառյալ Hino Motors բեռնատարների եւ փոքր ավտոմեքենաներ արտադրող Daihatsu-ի բաժինը, նվազել են 0,1%-ով, քանի որ արտասահմանում 8,6 միլիոն ավտոմեքենայի ռեկորդային վաճառքը օգնել է փոխհատուցել ներքին շուկայում 9,6%-ով անկումը մինչեւ 1,9 միլիոն ավտոմեքենա:

Երկրորդ տեղը զբաղեցրած Volkswagen Group-ը այս ամսվա սկզբին գրանցել է ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում իր ամենացածր վաճառքը՝ 8,3 միլիոն ավտոմեքենա, քանի որ Չինաստանի COVID-19 արգելափակումները եւ Ուկրաինայի շուրջ իրավիճակը խափանել են մատակարարումների շղթաները:

Թեւ չիպերի հետ կապված մատակարարման որոշ սահմանափակումներ պահպանվել են նաեւ Toyota-ի համար, ճապոնական ավտոարտադրողն ասում է, որ Ասիայում մեծ պահանջարկը, արտադրական հզորությունների ավելացումը եւ Ասիայում ու Հյուսիսային Ամերիկայում արտադրության օպտիմալացումը օգնել են նրան 2022 թվականին 5%-ով ավելացնել համաշխարհային արտադրությունը:

Toyota-ն նոյեմբերին վերանայել է ընթացիկ ֆինանսական տարվա իր արտադրության կանխատեսումը՝ մինչեւ մարտի վերջը հասցնելով 9,2 միլիոն ավտոմեքենայի՝ 9,7 միլիոնից: