50-ից օրից ավելի շրջափակված Արցախում բնակիչները մեծամասամբ հարմարվել են կտրոնային համակարգին, խնդիրներ չեն առաջանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի բնակչուհի Անի Հայրապետյանը։

«Վերահսկողությունը նորմալ կատարվում է։ Կտրոններով տրամադրվող մակարոնեղենից, բրձից, շաքարավազից ու ձեթից զատ այլ ապրանքներ գրեթե չեն լինում։ Միայն հացն է, որ տրամադրվում է անսահմանափակ»,- նշեց Անին։

Անի Հայրապետյանի խոսքով՝ Արցախում շատ ընկերություններ, անհատ աշխատակիցներ հոսանքազրկումների ընթացքում ժամանակավորապես դադարեցնում են իրենց աշխատանքը։ Ամեն ինչ ավելի բարդանում գազամատակարման դադարեցման ժամանակ։ Մարդիկ գրեթե տանից դուրս չեն գալիս, երթուղինները քիչ են աշխատում։

«Խիստ անհրաժեշտության դեպքում ենք տնից դուրս գալիս, որ խնայենք գազը, քաղաքի հետ կապված բոլոր գործերը միաժամանակ պլանավորում ենք, որ մեկ օրվա ընթացքում հասցնենք։ Այս ընթացքում շատ ենք փորձում այն ապրանքների փոխարինիչները գտնել, որոնք չունենք։ Կարտոֆիլի խյուսը փոխարինել ենք խաշիլով, Թաթար բորակի ենք շատ օգտագործում։ Հրուշակեղենի խանութները գրեթե չեն գործում, շատ քիչ քանակությամբ են թխվածք արտադրում, որովհետեւ քննադատության էլ կարող են արժանանալ՝ ձու չկա, իսկ դուք թխվածքի մեջ եք օգտագործում, բայց մյուս կողմից էլ երեխաներն ունեն դրա կարիքը, որովհետեւ դրան փոխարինող ոչինչ չկա։ Հիմա տակդիրի խնդիր չկա, բայց փոքր երեխաներ ունեցող մայրիկները փորձել են փոխարինող միջոց գտնել։ Օրինակ՝ եղել է տակդիրները լվացել ու նորից օգտագործել են, տակդիրից առանձին կտորներ են կտրել կամ այլ տեսակի կտորներ օգտագործել։ Խաշիլ ենք սկսել ուտել, Թաթար բորակի։ Շատ բաներ չկան, փորձում ենք այլ բաներով փոխարինել»,- ասաց նա։