Անցած շաբաթ և կիրակի օրերին հայամետ ցուցարարների դեմ ատելության խոսք տարածող թռուցիկներ են փակցվել Բևեռլի Հիլզում, որտեղ ցուցարարները երթ էին իրականացնում՝ իրենց բողոքն արտահայտելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում շարունակվող ճգնաժամի դեմ։

Այս մասին հաղորդում է «Los Angeles Magazine» պարբերականը:

Ցուցարարներին դիմավորել են լուսասյուներին փակցված թռուցիկներով, որոնք պարունակում էին հետևյալ սպառնալից խոսքերը. «Ադրբեջան+Թուրքիա+Պակիստան+ Իսրայել = 4 եղբայրներ, որոնք Հայաստանը կջնջեն քարտեզի վրայից: Ինշալլահ»:

Բևեռլի Հիլզի քաղաքապետ Լիլ Բոսեն սոցիալական ցանցերում անմիջապես դատապարտել է թռուցիկները, իսկ քաղաքի ոստիկանական բաժանմունքն ուսումնասիրել է Լա Սիենեգա և Ուիլշիր բուլվարների շուրջ տեղադրված հսկող տեսախցիկների տեսագրությունները՝ փնտրելով պատասխանատուներին:

«Ես բազմիցս կրկնել եմ՝ ատելությունը տեղ չունի Բևեռլի Հիլզում կամ որևէ այլ վայրում: Ես միշտ մերժելու եմ դա, միշտ դեմ եմ արտահայտվելու դրան», - գրել է Բոսեն Facebook-ում  հրապարակված գրառման մեջ:

Ըստ պարբերականի՝ իրավաբանների հայկական ասոցիացիայի Հայերի իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքս Բաստյանը նշել է, որ իր հայրենակիցների դեմ ատելության հանցագործությունները ոչ միայն աճում են, այլև հիմնականում չեն նկատվում միջազգային հանրության կողմից: Պարբերականը հիշեցնում է, որ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցին 2020թ.-ին հարձակման է ենթարկվել պայթուցիկով, սակայն հարձակումը դեռ չի բացահայտվել: Հետաքննությունների դաշնային բյուրոն 50 հազար դոլար պարգևավճար է առաջարկել մեղավորների մասին տեղեկությունների համար։

«Սա պարզապես հանցագործություն չէ մեզնից մեկի դեմ, սա հանցագործություն է բոլորիս դեմ», - ասել է Բաստյանը թռուցիկների մասին: Նա անձամբ գիտի, թե ինչպես դաժան խոսքերը կարող են արագ վերածվել բռնի գործողությունների, ինչպիսիք են եկեղեցու այրումը կամ հայկական դպրոցի վրա արձակված գնդակները:

Հանգստյան օրերին ամերիկահայերի դեմ ուղղված սպառնալիքները դատապարտել է նաև ամերիկահայերի մեծ համայնք ունեցող Ուեսթ Հոլիվուդի քաղաքապետ Սեպի Շայնը:

«Ատելության աճը վկայում է ժողովրդավարության համար լուրջ սպառնալիքի մասին, և մենք բոլորս պետք է շարունակենք հանդես գալ հանուն սիրո և ընդդեմ ատելության», - գրել է Շայնը Twitter-ի իր էջում:

Լրատվամիջոցը նաև հիշեցնում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ուղերձը, որը Սուրբ Պետրոսի հրապարակում պատարագի ժամանակ հիշատակել էր «Լաչինի միջանցքում ծանր հումանիտար իրավիճակը»: