Վաշինգտոնը եւ Մանիլան նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Ֆիլիպինների մի քանի ռազմակայաններում ամերիկյան զինվորականների մուտքի ընդլայնված իրավունքի մասին։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել էր The Washington Post թերթը։

Ինչպես վկայում է հրապարակումը, «ԱՄՆ զինվորականները Ֆիլիպինների կարեւոր ռազմակայաններ ընդլայնված մուտքի իրավունք կստանան»։ Ըստ պարբերականի աղբյուրների (երկու երկրների պաշտոնատար անձինք)՝ խոսքը, մասնավորապես, Լուսոն կղզու երկու օբյեկտների մասին է։ Չի ճշտվել, սակայն, թե ամերիկյան կողմը հատկապես ինչպես է օգտագործելու դրանք։

Հոդվածում ներկայացվել են վերլուծաբանների գնահատականները, որոնց համաձայն՝ այս քայլը «կարող է ԱՄՆ ուժերի համար ապահովել ռազմավարական դիրք Թայվանում կամ Հարավչինական ծովում հակամարտության դեպքում գործողություններ իրականացնելու համար»։ Հրապարակման մեջ ընդգծվել է, որ Վաշինգտոնի գործողություններն ուղղված են Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ուժերի ամրապնդմանը, դաշինքների ուժեղացմանը եւ Չինաստանի զսպմանը»։

Պարբերականի տեղեկացմամբ՝ վերջին մի քանի ամիսներին ամերիկյան կողմը Ֆիլիպիններում դիտարկում էր մի քանի օբյեկտներ եւ ընտրել է դրանցից առնվազն երկուսը։ Սպասվում է, որ նշված պայմանավորվածությունների մասին կարող է հայտարարվել արդեն այս շաբաթ, ֆիլիպինցի գործընկերոջ՝ Կառլիտո Գալվեսի եւ երկրի նախագահ Ֆերդինանդ Մարկոս-կրտսերի հետ ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթին Լլոյդի հանդիպման ժամանակ։

Հոդվածում նշվել է, որ այդ «բանակցությունները դեռեւս ընթանում են»։ Դրանց մասնակցել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։ Կողմերը կհամաձայնեցնեն նաեւ «անվտանգության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերը»։

Պարբերականը նշել է, որ ԱՄՆ-ը ներկայում կարող է օգտագործել հինգ ռազմակայան Ֆիլիպիններում։ Արդեն առկա պայմանավորվածությունների համաձայն՝ ամերիկյան զինվորականները կարող են տեղակայվել համաձայնեցված օբյեկտներում՝ փոխատեղման հիման վրա։