ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինա չի ուղարկի F-16 կործանիչներ, որոնց մատակարարման մասին նախօրեին խնդրել էր Ուկրաինայի պաշտպանության նախարարը։ Սակայն Բայդենը խոստացել է այցելել Լեհաստան, որը Կիեւի կարեւորագույն դաշնակիցն է, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Ոչ»,-լակոնիկ պատասխանել է Բայդենը։

Այս ամիս արեւմտյան երկրները երկար քննարկումներից հետո համաձայնել են ժամանակակից տանկեր ուղարկել Ուկրաինա։

Աջակցության ուժեղացումը Կիեւում հույս է առաջացրել, որ շուտով ուկրաինացիները կկարողանան ձեռք բերել F-16 ինքնաթիռներ՝ իրենց ռազմաօդային ուժերին աջակցելու համար, բայց այդ հարցը դեռ ակտիվորեն քննարկվում է Արեւմուտքում:

Փետրվարի 24-ին ռուսական լայնամասշտաբ ներխուժման առաջին տարելիցի նախաշեմին աճում են ակնկալիքները, որ Բայդենը կարող է մեկնել Եվրոպա՝ ի նշան դաշինքի աջակցության: Լեհաստանը ջանքերի կենտրոնում է՝ որպես լոգիստիկայի կենտրոն, զենքի մատակարար եւ Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ-ի առանցքային դաշնակից:

«Ես պատրաստվում եմ մեկնել Լեհաստան։ Ճիշտ է՝ չգիտեմ երբ»,-ասել է Բայդենը։