Պատասխանատվության ենթարկելու համար պետք է լինի մեղք, սակայն 15 զինվորի կյանք խլած հրդեհից ժամեր անց մենք տեսանք, որ առանց որեւէ պաշտոնատար անձի մեղավորությունը հաստատելու, տեղի ունեցան պաշտոնանկություններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Այվազյանը:

«Չգիտես ինչու ողբերգական իրադարձության առաջին վարկածը ներկայացվեց վարչապետի կողմից կառավարության նիստի ժամանակ՝ ամենամանրամասն դետալներով: Դա ամբողջ գործընթացի լրջությունը դրեց կասկածի տակ: Եթե վերջնականորեն մեղավորությունը հաստատված չէ, պատասխանատվությունը դառնում է իմաստազուրկ:

Ինչ վերաբերում է պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց բուրգին, ապա միանշանակ պաշտոնանկության ենթակա թիվ մեկ պաշտոնյան պետք է լիներ պաշտպանության նախարարը, էլ չեմ ասում ընդհուպ մինչեւ վարչապետ: Սա ցույց տվեց, որ մեր երկրի ԶՈՒ ղեկավարությունը պրոֆեսիոնալ առումով բացարձակ չի տիրապետում իր պարտականություններին, չի գիտակցում իր պատասխանատվության շրջանակները եւ ծավալը»,-ասաց նա:

Հարցին, թե որքանով է ճիշտ պատասխանատվության սլաքները միջին հրամանատարական կազմի վրա թողնելը, Այվազյանը պատասխանեց. «Տպավորություն է, որ միջին օղակի անձինք դառնում են քավության նոխազներ՝ դրանով, ըստ էության, ծխածածկույթով փակելով ավելի բարձր պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը»:

Անդրադառնալով բանակում ստեղծված իրավիճակին, նա նկատեց, որ հնարավոր չէ, որ պետության մեջ բոլոր համակարգերում վիճակը վատ լինի, իսկ բանակում լավ. «Մինչեւ 44-օրյա պատերազմը ժողովրդի մոտ թյուր կարծխիք կար, թե տեսեք, մեր պետական համակարգում բոլոր ոլորտները լավ չեն դրսեւորվում, բայց մեր բանակը ամենաբարձր կարգավիճակում է եւ որպես բացառություն տարբերվում է մյուս ինստիտուտների արատներից: Բայց պատերազմը ցույց տվեց, որ այդպես չէ: Հիմա այս դեպքը նույն երեւույթի արտացոլումն է: Այստեղ լուծումը համակարգային պետք է լինի»: