Ռուսաստանը կշարունակի սպառնալիք մնալ ՆԱՏՕ-ի համար, նույնիսկ եթե նրա ուժերը պարտություն կրեն Ուկրաինայում, ասել է Արեւմտյան դաշինքի բարձրաստիճան զինվորականը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Ինչպիսին էլ, որ լինի պատերազմի արդյունքը, Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, նման ձգտումներ կունենա, հետեւաբար սպառնալիքը չի վերանա», – դաշինքի բրյուսելյան գլխավոր գրասենյակում լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը:

Թեեւ պատերազմը սպառել է ռուսական զորքերին, տեխնիկան եւ զինամթերքը, ՆԱՏՕ-ի երկրներն ակնկալում են, որ Մոսկվան կփորձի վերականգնել եւ անգամ ուժեղացնել իր ռազմկաան ներուժը, ասել է Բաուերը։

«Ընդհանուր կարծիքն այնպիսին է, որ ռուսները կվերականգնեն այն, ինչ ունեին, որ նրանք դասեր կքաղեն այս հակամարտությունից եւ կփորձեն բարելավել այն, ինչ ունեին», – ասել է Բաուերը։

«Այնպես որ, դա, հետագայում, ամենայն հավանականությամբ, կազդի մեր ծրագրերի վրա», - հավելել է նա:

Բաուերի խոսքով՝ ՆԱՏՕ-ին Ժամանակ է պետք՝ գնահատելու, թե որքան ժամանակ կպահանջվի Ռուսաստանից՝ իր ուժերը վերականգնելու եւ կատարելագործելու համար։