Այն, որ Լաչինի միջանցքի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում, դա միանշանակ ողջունելի է, որովհետեւ դա մեր երկրին ընձեռնված իրավական կառուցակարգերից մեկն է՝ ներազդելու Լաչինի միջանցքի խնդրի լուծման վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Այվազյանը:

«Բայց ես ակնկալիքներ չունեմ, որովհետեւ եթե մենք իրավական տեսանկյունից ունենանք մեր օգտին վճիռ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից, ապա դա ի կատար ածելու կառուցակարգեր գոյություն չունեն միջազգային իրավունքում»,-ասաց նա:

Այվազյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոցներ կիրառեց Լաչինի միջանցքը բացելու առումով. «Այդ վճռի ի կատար ածման վերահսկողությունը դրված է ԵԽ նախարարների կոմիտեի վրա: Եթե մինչ օրս այդ անհետաձգելի խնդրով Ադրբեջանը որեւէ քյալ չի ձեռնարկել ՄԻԵԴ-ի վճռաի կատարման առումով, առնվազն Նախարարների կոմիտեն պետք է բարձրացներ ԵԽ-ից Ադրբեջանին վտարելու հարցը: Սակայն մինչ օրս որեւէ նման գործընթաց չի իրականացվում, որովհետեւ միջպետական հարաբերություններում նմանատիպ կառույցները ընդամենը իրենց դեմագոգ վարքագծով մեզ կերակրում են բարոյական հաղթանակներով: Սակայն այդ բարոյական հաղթանակի ի կատար ածելը չեն ապահովում: Ընդամենը ըւդնունեմ են հայտարարություններ, բանաձեւեր, որոնք կոպեկի արժեք չունեն»:

Վարդան Այվազյանը համոզմունք հայտեց, որ Լաչինի միջանցքի բացման հարցը գտնվում է ոչ իրավական, ոչ էլ քաղաքական դաշտում. Իրավական դաշտում չի գտնվում, որովհետեւ տեսանք, որ յդ որոշումները մնում են թղթի վրա: Քաղաքական դաշտում եւս հնարավոր չէ, որովհետեւ այս պահի դրությամբ աշխարհաքաղաքական բախումների ժամանակ, կարծես թե, գերտերությունների հետ Լաչինի միջանցքի բացման եւ ՀՀ շահերի խնդիրը չի մեկտեղվում: Այստեղ մնում է այն, որ մենք փաստացի ունակ ենք կոնսոլիդացնել մեր գիտական ներուժը եւ այնպիսի միջոցներ ստեղծել, որ ինչպես կստիպեն Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, այնպես էլ Թուրքիային եւ տարածաշրջանի մյուս թշնամի պետություններից հեռու մնալ մեզանից: Միջոցներ ասելով նկատի ունեմ բարձր տեխբնոլոգիաներով հագեցած ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, այնպիսի զինատեսակների ստեղծումը, որի հետ աշխարհը ստիպված կլինի հաշվի նստել: Որովհետեւ մեր օրերում միջազգային իրավունքը ամբողջովին վերացված է, հուղարկավորված է եւ այն փոխարինվել է գերտերությունների կողմից սահմանված վարքագծի կանոններով: Ընդ որում, այդ կանոններն ունեն իրավիճակային բնույթ: հույսներս դնել, որ մեր ազգային շահերը մի օր կհամընկնեն գերտերությունների շահերին կամ քմահաճություններին, սա կլինի միամտություն:

Սա հենց այն ծայրահեղ իրավիճակն  է, որ պետք է ստիպի թափ տալ մեզ, համախմբվել եւ իրականացնել մեր առջեւ դրված խնդիրները»,-հայտարարեց Վարդան Այվազյանը: