Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ հանրապետության Աշխատանքային օրենսգրքում նախատեսվում են մասշտաբային փոփոխություններ։ Փոփոխություններ են առաջարկվել 122 եւ 266 հոդվածներում։ Այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։

Նախագիծը, ըստ փոխնախարարի, արժանացել է կառավարության հավանությանը։ Առաջարկվող փոփոխությունները, իշխանությունների հավաստիացմամբ, ուղղված են աշխատողների եւ գործատուների իրավահարաբերությունների կարգավորմանը, դատական պրակտիկայում առաջացող խնդիրների լուծմանը եւ օրենսգրքի դրույթների առավելագույն համապատասխանեցմանը Հայաստանի հանձն առած միջազգային պարտավորություններին։

Օրինակ, առաջարկվում է վերանայել այն հիմքերը, որոնց համաձայն՝ գործատուն կարող է դադարեցնել աշխատանքային պայմանագրի գործողությունը սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաեւ բացառել աշխատանքային պայմանագրի խզման հիմքերը՝ կապված աշխատողների կենսաթոշակային տարիքի հասնելու հետ։ «Ընդ որում՝ ճշտվելու են կենսաթոշակային տարիքի աշխատողների հետ աշխատանքային պայմանագրի կնքման կանոնները։ Ի տարբերություն գործող կարգավորումների, որոնցում գործատուին թոշակառուներին անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով  աշխատանքի ընդունելու հնարավորություն չի տրվում, այս նախագիծը նախատեսում է այդպիսի իրավունք գործատուի համար»,- նշել է Սարգսյանը։

Իսկ աշխատակիցներին կրճատելիս, աշխատանքային պայմանագրերի խզման դեպքում նախատեսվում է առավելության իրավունքի սահմանման հնարավորություն։  Մասնավորապես, խոսքը հաշմանդամության թոշակի իրավունք ունեցող հաշմանդամության թոշակ ստացող եւ խոր ֆունկցիոնալ սահմանափակվածության աստիճան ունեցող նախկին զինծառայողների, զոհվածների, անհետ կորածների կամ զոհված հայտարարված զինծառայողների ընտանիքների անդամների (կինը, երեխան հայրը, մայրը, հարազատ քույրը, հարազատ եղբայը, տատիկը, պապիկը) աշխատատեղերի պահպանման իրավունքի մասին է։

Բացի այդ, 2,5 տարվա ընթացքում (անընդմեջ) առանց համապատասխան հայտարարություն ներկայացնելու ամենամյա արձակուրդ ստանալու իրավունքից աշխատակցի խուսափելու կամ հրաժարվելու դեպքում գործատուն կկարողանա արձակուրդ տրամադրել առանց աշխատակցի ստորագրած հայտարարության։