Հայաստանում տարեցտարի ավելանում է կեսարյան հատմամբ ծնունդների թիվը, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։  2021թ. կեսարյան հատումների ցուցանիշը հասել է 37,54 տոկոսի, մինչդեռ 1990–ականներին այդ թիվը տատանվում էր  7-10 տոկոսի սահմաններում։ Այս մասին հունվարի 30–ին «Աջակցող միջավայր հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանում» ծրագրի փակման ժամանակ հայտարարեց ծրագրի ղեկավար, «Կետ33» ՀԿ նախագահ Աստղիկ Կարապետյանը։ Վերջինիս խոսքով՝ թեև պետությունը փորձում է օրենսդրական կարգավորումների ընդունմամբ և պետական ծրագրերով մեղմել ծնելիության աճի խնդիրները, սակայն էական հաջողություններ դեռ չկան։ ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ ծնելիության առկա միտումների պահպանման դեպքում 2024 թ Հայաստանում  կգրանցվի ընդամենը 25․000 ծննդաբերություն։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց «Ծննդօգնությունը Հայաստանում․ իրավունքներ և իրավակարգավորումներ» հետազոտությունը, որում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ծնելիության անկման խնդիրներին։ Գրքում ներկայացված են ծննդօգնության վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, կանանց իրավունքները նախածննդաբերական, ծննդաբերական և հետծննդաբերական փուլերում, անդրադարձ է կատարվել ծնելիության աճի վրա ազդող առողջապահական գործոններին, Հայաստանում կրծքով կերակրման ցուցանիշների բարելավմանը, կեսարյան հատումների թվի աճին, մեր երկրում դուլաների ինստիտուտին, կնոջ և երեխայի իրավունքների պաշտպանությանը, արժանապատիվ բուժօգնությանը և այլ կարևորագույն հարցերի։ Հետազոտության հեղինակներն են ծրագրի ղեկավար Աստղիկ Կարապետյանը,  ծրագրի իրավաբան փորձագետ, փաստաբան Գևորգ Սլոյանը, իրավաբան–փորձագետ Թագուհի Մելքոնյանը, գինեկոլոգ մանկաբարձ, բժշկական գիտությունների թեկնածու Ինգա Ավանեսյանը։ Ուսումնասիրությունն օգտակար է ինչպես առողջապահության ոլորտի մասնագետների, իրավաբանների, լրագրողների, պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, այնպես էլ ապագա մայրերի համար։

Միջոցառմանը ցուցադրվեց նաև ծննդօգնության գերմանական փորձի մասին պատմող «Հեբամեները» վավերագրական ֆիլմը։