Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքով՝ ցանկացած խաղաղ բանակցություն պետք է պայմանավորված լինի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքից զորքերի դուրսբերմամբ։ Այս մասին Շոլցն ասել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ վկայակոչելով DPA գործակալությունը։

Բացի այդ, ուկրաինացիների թիկունքում Ռուսաստանի հետ խաղաղության ոչ մի պայմանագիր չի կարող լինել, ասել է Շոլցը։ 

Գերմանիայի կանցլերը հավելել է, որ Բրազիլիայի նախագահի հետ ունի հստակ ընդհանուր դիրքորոշում. «Մենք երկուսս էլ դատապատում ենք ռուսական ներխուժումը»։

Մյուս կողմից, Լուլան հստակ մերժել է Ուկրաինային Gepard զենիթային կայանքների կամ Leopard տանկերի համար զինամթերք մատակարարելու հույսերը։

«Բրազիլիան շահագրգռված չէ ուկրաինա-ռուսական պատերազմի համար զինամթերք փոխանցելու հարցում։ Բրազիլիան խաղաղության երկիր է։ Եվ այդ պատճառով Բրազիլիան չի ցանկանում մասնակցել այդ պատերազմին, նույնիսկ անուղղակիորեն»,-ասել է նա։ 

Մինչդեռ, Օլաֆ Շոլցը պնդում է, որ Ուկրաինային կործանիչներ տրամադրելու հարց դեռ չի ծագել։