Կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որի ժամանակ այլընտրանք չլինի եւ հետեւանքներն ավելի տխուր լինեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը։

Նա կոչ արեց պրագմատիկ գնահատել իրավիճակը։

«Մենք պետք է վերահսկենք իրավիճակը եւ հասկանանք, որ դժվար կլինի շատ երկար դիմանալը։ Եթե ​​նախկինում Հայաստանից օրական մոտ 400 տոննա մարդասիրական բեռ էր ստացվում, ապա այժմ այդ թիվը մի քանի անգամ կրճատվել է։ Այսօր կյանքի միակ ճանապարհն ապահովում են խաղաղապահներն ու Կարմիր խաչը։ Միայն այս միջոցներով մենք չենք կարող ապահովել 120 հազար մարդու նորմալ կենսագործունեությունը։ Առանց արտաքին մատակարարումների մենք չենք կարող գոյատեւել։

Գրեթե բոլոր տեսակի ապրանքների սուր պակաս կա։ Սա պատճառ դարձավ քարտային համակարգի անցմանը՝ ռեսուրսները հավասարաչափ բաշխելու նպատակով։ Խոսքն առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է, խոսքն, ասենք մրգերի կամ բանջարեղենի մասին չէ (դրանք պարզապես չկան)։ Կա դեղամիջոցների պակաս, ծանր հիվանդների տեղափոխման քննարկումներն օրեր են տեւում, դրան զուգահեռ դադարեցվում է գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը, ինչն ավելի է  բարդացնում առանց այդ էլ ծանր մարդասիրական իրավիճակը։

Միջոցներ են ձեռնարկվում այս իրավիճակին հնարավորինս երկար դիմանալու համար, հանդիպումներ են անցկացվում հասարակական տրամադրությունները հասկանալու եւ ժողովրդի հետ անմիջական երկխոսության համար»,- ասաց պատգամավորը։

Նա նաեւ հիշեցրեց Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի զուգահեռ տեղեկատվական ահաբեկման, խուճապային ապատեղեկատվություն տարածելու փորձերի մասին։

Այս ամենի ֆոնին Հարությունյանը գոհունակություն  հայտնեց ժողովրդի տրամադրվածությունից՝ դիմանալու այն դժվարություններին, որոնք ծագել են արցախահայության համար գոյության վտանգ ներկայացնող Ադրբեջանի պահանջների հետ կապված։

Այս պահանջները, նրա գնահատմամբ, նշանակում են երկխոսության եւ փոխզիջումների համար պայմանների բացակայություն, ինչը գիտակցում է նաեւ հասարակությունը։

«Մենք փորձում ենք հնարավորինս կոփված դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- ընդգծեց նա՝ մատնանշելով միջազգային ճնշման ավելացման եւ կոնկրետ միջոցների ձեռնարկման կարեւորությունը։