Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ համընդհանուր գործադուլի երկրորդ ալիքն է սկսվել։ Արհմիություններն ակնկալում են, որ քաղաքների փողոցներ դուրս կբերեն ավելի քան մեկ միլիոն մարդու, հաղորդում է Euronews-ը։

Երկու կողմերի դիրքորոշումներն էլ ավելի են կոշտանում, քանի որ օրենսդիրները սկսում են վիճել խորհրդարանում ռեզոնանսային օրինագծի շուրջ: 

Նախօրեին նախագահ Էմանուել Մակրոնը բարեփոխումն անվանել է «անհրաժեշտ»։ Ավելի վաղ վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ կենսաթոշակային տարիքի բարձրացումը մինչեւ 64 տարեկանը «այլեւս քննարկման ենթակա չէ»։  

Գործադուլներն ու բողոքի ցույցերը մտադիր են հակառակն ապացուցել։  

Մոբիլիզացիան վերաբերում է տարբեր մասնագիտական ոլորտներին՝ տրանսպորտից եւ կրթությունից մինչեւ էներգետիկա եւ բանտ: Երեքշաբթի SNCF երկաթուղային օպերատորը նախազգուշացրել է գործադուլների պատճառով ցանցի լուրջ խափանումների մասին: Ուղեւորներին խորհուրդ է տրվում չեղարկել կամ հետաձգել ուղեւորությունները եւ հնարավորության դեպքում աշխատել հեռակա կարգով:

Արհմիության տվյալներով՝ գործադուլին կմիանա մանկավարժների եւ ուսուցիչների մինչեւ 50 տոկոսը։